28 ապրիլի 2025 - 10:53 AMT
Կայա Կալասը Հռոմում Խաչատուրյանի հետ քննարկել է ՀՀ կատարելիք այցը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Հռոմում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և անդրադարձել իր Հայաստան կատարելիք այցին։ Կալասն այդ մասին հայտնել է X հարթակում։

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հռոմում քննարկեցի Հայաստան կատարելիք այցս։ Վերահաստատեցի ԵՄ ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը»,- գրել է նա։

Կայա Կալլասը այս մասին հայտնել է իր X հարթակում, որտեղ նաև ընդգծել է Եվրամիության հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը: Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։

Մի շարք եվրոպական երկրներից և Եվրախորհրդարանից պատգամավորներ քննադատել են Կալասի այցը Բաքու։ Նրանք նշել են, որ Կալասը գերադասել է մեկնել բռնապետական Ադրբեջան՝ շրջանցելով եվրոպական ուղի ընտրած Հայաստանը։ Ըստ նրանց՝ այս ընտրությունը դիտարկվում է որպես անտեսում մի երկրի, որը ժողովրդավարական արժեքներով է առաջնորդվում ու շարունակում է սպառնալիքների բախվել Ադրբեջանի կողմից։