28 ապրիլի 2025 - 11:51 AMT
Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփն ասել է` Պուտինը պատրաստ չէ ավարտել պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ, իր տպավորությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ ավարտել պատերազմը։

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Վատիկանում՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ։ Այս զրույցը ԱՄՆ և Ուկրաինայի ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է եղել Սպիտակ տանը փետրվարին տեղի ունեցած լարված քննարկումից հետո, հայտնում է Euronews-ը։

Հանդիպումը, որը անցկացվել է դռնփակ ռեժիմով, տևել է մոտ 15 րոպե, որից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով։

Վլադիմիր Զելենսկին հանդիպումը բնութագրել է որպես «խորհրդանշական» և ընդգծել է, որ այն «պոտենցիալ ունի մուտք գործելու պատմություն, եթե ընդհանուր արդյունքներ արձանագրվեն»։

Իսկ Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում գրել է, որ իր տպավորությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ավարտել պատերազմը։

«Վերջին օրերին քաղաքացիական բնակչությամբ շրջանները հրթիռակոծելու համար ոչ մի պատճառ չի եղել։ Գուցե նրա հետ պետք է այլ կերպ գործել՝ «բանկային սեկտորի» կամ «երկրորդական պատժամիջոցների» միջոցով» — գրել է ԱՄՆ նախագահը։

Զելենսկու և Թրամփի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ռուսական կողմը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի վերսկսմանն առանց նախապայմանների»։

ԱՄՆ-ն շարունակում է ճնշում գործադրել Ուկրաինայի և Ռուսաստանի վրա՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ խաղաղ համաձայնագիր կնքել պատերազմը ավարտելու համար, սակայն, ինչպես նշել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, եթե առաջընթաց չգրանցվի, Վաշինգտոնը կարող է դուրս գալ բանակցություններից:

«Այս շաբաթը կենսական նշանակություն ունի, — հայտարարել է նա ապրիլի 27-ին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: — Այս շաբաթ մենք պետք է որոշենք, ցանկանում ենք մնալ ներգրավված այս նախագծում, թե ժամանակն է կենտրոնանալու այլ, ոչ պակաս, իսկ գուցե ավելի կարևոր հարցերի վրա», գրում է Deutsche Welle-ն։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն չի նշել, թե որքան ժամանակ է մնացել Կիևի և Մոսկվայի համար համաձայնության հասնելու: Նա շեշտել է, որ հստակ ժամկետ նշանակելը «հիմարություն» կլիներ:

Խոսելով հնարավոր համաձայնագրի մասին՝ պետքարտուղարը նշել է, որ նպատակին դեռ չեն հասել:

«Կան հույսի հիմքեր, սակայն, իհարկե, կան նաև իրատես լինելու պատճառներ։ Մենք մոտ ենք, բայց ոչ բավականաչափ։ ԱՄՆ-ն չի կարող շարունակել ժամանակ և ռեսուրսներ ներդնել մի նախագծում, որը չի հաջողվի», — ավելացրել է Ռուբիոն:

Բացի այդ, Ռուբիոն նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների չկիրառումը պայմանավորված է դիվանագիտական ուղիները բաց պահելու փորձով: Նրա խոսքով, «եթե համաձայնություն չհասցվի, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի հնարավորություն քայլեր ձեռնարկելու նրանց դեմ, ովքեր չեն ցանկանում խաղաղություն»:

Մեկուկես շաբաթ առաջ Մարկո Ռուբիոն արդեն զգուշացրել էր, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել իր միջնորդական ջանքերը, եթե առաջիկա օրերին առաջընթաց չգրանցվի: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես նշել էր, որ կողմերի երկուսի պատրաստակամության բացակայության դեպքում Վաշինգտոնը չի շարունակի իր միջնորդական առաքելությունը:

Վերջին օրերին ռուսական բանակը ուժեղացրել է հարվածները Ուկրաինայի տարածքի վրա։ Մեկ հրթիռակոծության հետևանքով Կիևում նախորդ շաբաթ զոհվել է առնվազն 12 մարդ։