Արցախի նախկին ՄԻՊ, «Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանն ԱՄՆ-ում ներկայացրել է Արցախի ժողովրդի ներկա իրավիճակը և դրա հաղթահարմանն ուղղված ռազմավարական նպատակները:
Ապրիլի 25-26-ին Բեգլարյանը ելույթներով հանդես է եկել Յեյլի համալսարանում և Կոնեկտիկուտի Ներկայացուցիչների պալատում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյսի հայ համայնքի կենտրոնում։
Յեյլի համալսարանի հեղինակավոր հարթակներում կայացած երկու միջոցառումների ժամանակ Արտակ Բեգլարյանը անդրադարձ է կատարել վերջին տարիների գործընթացներին՝ առանձնացնելով ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մեթոդաբանությունն ու օրինաչափությունները: Երկրորդ միջոցառման ընթացքում Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնյանը քննարկել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հիմքերը, իրացման եղանակներն ու հնարավոր պայմանները: Միջազգային տարբեր օրինակներ ներկայացնելով՝ Բեգլարյանը շեշտել է, որ գերտերությունների քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի կազմակերպել Արցախի ժողովրդի համախմբված վերադարձը, որի համար, ըստ նրա, անհրաժեշտ է ՀՀ պետական ինստիտուտների պատասխանատու և նպատակասլաց գործունեությունը:
Նա ընդգծել է, որ այս ծանր պայմաններում հայ ժողովրդի գերակա տեսլականը պետք է լինի հզոր, զարգացած և ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության կերտումը, որից էլ բխում է Արցախի ապագան՝ ապահովելով անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված կյանք Արցախի հողում:
Կոնեկտիկուտի նահանգի օրենսդիր շենքում Հարթֆորդ քաղաքում և Իլինոյսի հայ համայնքի կենտրոնում Չիկագոյում կայացած միջոցառումներում Արտակ Բեգլարյանը հանդես է եկել որպես հիմնական բանախոս: Իր ելույթներում նա առանձնացրել է յոթ ռազմավարական նպատակ, որոնց իրականացումը կենսական է համարել նշված տեսլականին հասնելու համար: Նա այդ նպատակները ներկայացրել է անգլերեն PERSIST (համառել) բառի սկզբնատառերով, մասնավորապես՝
Ամփոփելով իր ելույթները՝ Արտակ Բեգլարյանը կոչ է արել ներկաներին պատրաստ լինել երկարատև և հետևողական պայքարի՝ հանուն համամարդկային արժեքների և հայ ժողովրդի գոյատևման:
Յեյլի համալսարանի միջոցառումները կազմակերպվել են Մաքմիլան կենտրոնի Ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR), Փոյնթեր ծրագրի և Յեյլի հայկական ցանցի կողմից, մինչդեռ Հարթֆորդի միջոցառումը կազմակերպել է Կոնեկտիկուտի հայ համայնքը, իսկ Չիկագոյի միջոցառումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Իլինոյի մասնաճյուղը։