Արցախցիները կարող են անձնագրում «Ադրբեջան» նշումից խուսափելու համար դիմել և ծննդավայր դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա այլ տվյալ՝ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից՝ միևնույն ժամանակ նաև զգուշացնելով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։
«ՀՀ գործող օրենսդրությունը ծննդավայրի վերաբերյալ սահմանում է այլընտրանք՝ կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում է ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում), ուստի քաղաքացու դիմումի հիման վրա կարող է նշվել նաև ծննդյան վկայականում առկա այլ տվյալ, սակայն կարող է խնդրահարույց լինել սահմանային անցման կետերում»,- հայտնել են են ծառայությունից։
Ապրիլի 16-ի դրությամբ, 2023 թվականի Արցախի բռնի տեղահանությունից հետո, Լեռնային Ղարաբաղից 8 568 տեղահանված անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Արցախցիների անհանգստությանն առնչվող հարցին, թե ինչու է ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը որպես «Ադրբեջան» նշվում, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից արձագանքել են՝ ընդգծելով, որ անձնագրերում ծննդավայրի գրառումը կարգավորվում է միջազգային ICAO և ISO 3166 ստանդարտներով, ուստի դրանցից դուրս որևէ նշում սահմանային անցակետերում կարող է խնդիր ստեղծել։
«Մեքենաընթերցվող անձը հաստատող ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։
Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում։ Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նման ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում նշված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։ Հարցի իրավաչափ կարգավորման նպատակով անձի նոր փաստաթղթավորման դեպքում ծառայությունը բացառապես առաջնորդվում է միջազգային ստանդարտով»,- ասված է պարզաբանման մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։