Երևանի քաղաքապետարանը հաստատել է, որ Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Անաստաս Միկոյան 64/7 հասցեի հողամասում բազմաբնակարան շենքի կառուցում հնարավոր չէ, հայտնում է «Փաստինֆոն»։
2024 թվականի ապրիլի 16-ին կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչները, կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչները և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քննարկվել է նշված տարածքի ճակատագիրը։ Հանդիպումից հետո բնակիչների կողմից քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն մայրաքաղաքի հաստատված գլխավոր հատակագծի, Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված է ընդհանուր օգտագործման գոտում։
Քաղաքապետարանի պարզաբանմամբ, այդ տարածքում նոր կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրումը հակասում է գործող օրենսդրական պահանջներին։
Բացի այդ, քաղաքապետարանից նշել են, որ շահագործման թույլտվության հարցը հնարավոր կլինի դիտարկել միայն այն ժամանակ, երբ բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված բարեկարգման աշխատանքները լիարժեք ավարտվեն։
Անաստաս Միկոյան 64 հասցեում բնակելի թաղամասի համաձայնեցված նախագծի մեջ ներառված է նաև վերոնշյալ՝ Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 0.4 հեկտար հողամասը, որը նախատեսված է բացառապես ընդհանուր օգտագործման՝ բարեկարգման և կանաչապատման նպատակներով։