Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկով ԱԺ ընդունարան է հանձնվել 107 նամակ՝ անհատապես հասեցագրված բոլոր պատգամավորներին։ Ակցիան իրականացրել է «Արթուն ենք» շարժումը։
Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ չի նշվել վարչապետի թեկնածուի անունը, քանի որ դա, ըստ նրա, նախաձեռնության մասնակից պատգամավորների իրավունքն է՝ ընտրելու համապատասխան թեկնածու։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ առաջիկա տասնօրյակում հարցի շուրջ որոշում կկայացվի, հայտնում է «Փաստինֆոն»։
«Պատգամավորի անհատական վարքագծի ինստիտուտն է գործում։ ՔՊ պատգամավորները ոչ թե երդվյալներ են, աղանդ են, ուղեղները լվացած մարդիկ են, այլ՝ յուրաքանչյուրն անհատ պատգամավոր է, այո, իրենք պետք է իրենց կառավարությունից պահանջեն, որ իրենց ծրագիրը կատարեն»,- ընդգծել է Ղազարյանը։
Նա հավելել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող է Փաշինյանին անվստահություն հայտնել և նոր վարչապետ ընտրել։
«Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը նշել է, որ իմպիչմենտի գործընթացն այս պահի դրությամբ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու միակ հնարավոր տարբերակն է։ Մալյանի վստահեցմամբ` իմպիչմենտի գործընթացով հետաքրքրված ՔՊ–ական պատագմավորներ կան, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` այսօրվանից սկսած կփորձեն հանդիպել ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Կփորձեն հանդիպել նաև ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ։
Նա նշել է, որ վարչապետի թեկնածուի հարցում ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ ազատ է, և «Արթուն ենք» շարժումն անվերապահ կաջակցի նրանց կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի։
Եթե նրանք չառաջադրեն որևէ թեկնածուի, իրենք կգեներացնեն իրենց տարբերակը, և ընդդիմությունից միայն կուզեն նրանց ստորագրությունը։