28 ապրիլի 2025 - 17:47 AMT
Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով

Փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը ևՌուբեն Մելիքյանըմիջնորդություն են ներկայացրել Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով։

Հսկող դատախազին ներկայացվել է Վարդանյանին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն, հայտնում է Panorama.am-ը։

«Հիմք ընդունելով ապրիլի 25–ին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով գլխավոր դատախազի արտահայտած օրինականության ու արագության հանձնառությունը՝ անհրաժեշտ ենք համարում լրացուցուցիչ դատավարական միջոցներով օգնել ՀՀ դատախազությանը՝ կատարելու այդ հանձնառությունը։ Մասնավորապես, այսօր հսկող դատախազին ներկայացրել ենք Սամվելին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն։

Միաժամանակ վերահաստատում ենք մեր սկզբնական մոտեցումն առ այն, որ այդ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու բոլոր հիմքերն առկա են եղել դեռևս մեկ տարի առաջ։

Ըստ օրենքի՝ հսկող դատախազն ունի 7 օր՝ մեր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար»,- ասել են Վարդանյանի լիազոր ներկայացուցիչները։

2024 թվականի ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել են։ Սամվել Վարդանյանի պաշտպանները հայտնել են, որ Սամվելին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները դուրս են եկել մեքենայից, ինչից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ գտնվել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են բերել նրան մեքենայից և բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։