28 ապրիլի 2025 - 19:07 AMT
Հռոմի պապի ընտրության կոնկլավը կսկսվի մայիսի 7-ին

Վատիկանը հայտարարել է, որ նոր Հռոմի պապի ընտրությունները կմեկնարկեն մայիսի 7-ին։ Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ եվրոպացի ընտրող–կարդինալները մեծամասնություն չեն կազմի կոնկլավում։

Սիքստինյան կապելան փակվել է զբոսաշրջիկների համար՝ կապված նոր պապի ընտրության կոնկլավի նախապատրաստության հետ։ Կարդինալները փակ նիստում որոշել են կոնկլավի մեկնարկի օրը։

Հիմնական խնդիրներից մեկը ծխնելույզի տեղադրումն է, որից ծուխը՝ սև կամ սպիտակ, կազդարարի քվեարկության արդյունքները, գրում է Euronews-ը։

Այցելուները, ովքեր կիրակի օրը հնարավորություն են ունեցել տեսնել Սիքստինյան կապելան, իրենց բախտավոր են համարել՝ հաշվի առնելով, որ անհայտ է, թե երբ կվերաբացվի այն հասարակության համար։

Ըստ առաքելական սահմանադրության՝ կոնկլավը կարող է սկսվել միայն իննօրյա սգի ավարտից հետո։

Երբ ժամանակը գա, կարդինալները կարմիր թիկնոցներով հանդիսավոր կմտնեն կապելան՝ մասնակցելու գաղտնի գործընթացին, որը, ըստ հավատալիքի, ղեկավարվում է Սուրբ Հոգու կողմից։

135 ընտրական իրավունք ունեցող կարդինալներից 108-ը նշանակվել են Ֆրանցիսկոսի կողմից։ Եվրոպացի կարդինալների մասնաբաժինը կկազմի 39․2%, մինչդեռ 2013-ին այն 52% էր։

Քվեարկության արդյունքները ցույց կտան, թե եկեղեցին կշարունակի՞ Ֆրանցիսկոսի բարեփոխումների ուղին՝ կենտրոնանալով աղքատների, շրջակա միջավայրի և սոցիալական արդարության վրա, թե՞ կվերադառնա Բենեդիկտոս XVI-ի պահպանողական ուղղությանը։

Մեկնարկի արարողության ժամանակ կարդինալները կկատարեն Սրբերի լիտանիան՝ հին գրիգորյան օրհներգ, այնուհետև կերդվեն գաղտնիության պահպանումը։

Դրանից հետո կապելայի դռները կփակվեն, և ծիսակարգի վարպետը կհայտարարի «extra omnes»՝ ազդարարելով քվեարկության սկիզբը։

Կոնկլավի գաղտնիությունը նախատեսված է արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար։

Սև ծուխը կհայտարարի անհաջող քվեարկության մասին, իսկ սպիտակ ծուխը և զանգերի ղողանջը՝ նոր պապի ընտրության։ Ամեն օր կարող են անցկացվել մինչև չորս քվեարկության փուլեր։

Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին՝ 89 տարեկան հասակում։ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 26–ին Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայում։ Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած հիշատակի պատարագին մասնակցել են աշխարհի առաջնորդներ և հարյուր հազարավոր հավատացյալներ։ Կոնկլավից առաջ կաթոլիկ եկեղեցին անցկացնում է իննօրյա սգո շրջան։