28 ապրիլի 2025 - 18:28 AMT
Զաքարյան․ Վերջին 30 տարում աշխարհում իմպիչմենտի մի շարք դեպքեր են եղել

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իմպիչմենտը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ, եթե այդ ինստիտուտը գործի իրական պրակտիկայում։ Իմպիչմենտի նպատակն է վերահսկել երկրի կառավարության գործունեությունը՝ բնակչության և ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների կողմից։

Նա նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում աշխարհում գրանցվել են մի շարք դեպքեր, երբ պետությունների ղեկավարներին անվստահություն է հայտարարվել և նրանք հեռացվել են իշխանությունից։

  • «1992 թվականի սեպտեմբերի 29-ին Բրազիլիայի Պատգամավորների պալատը հավանություն է տվել նախագահ Ֆերնանդո Կոլոր դե Մելլոյին իմպիչմենտի ենթարկելու միջնորդությանը՝ կոռուպցիոն սխեմաներում նրա ներգրավվածության պատճառով: 1992-ի հոկտեմբերին նա դադարեցրել է պաշտոնավարել, իսկ դեկտեմբերին՝ Սենատի վերջնական քվեարկության նախորդ օրը, հրաժարական է տվել։
  • 1997 թվականի փետրվարին Էկվադորի խորհրդարանը նախագահ Աբդալա Բուկարամին հայտարարել է «մտավոր անկարող»՝ կառավարելու համար և հեռացրել իշխանությունից։ Աբդալա Բուկարամը փախել է Պանամա, որտեղ ստացել է քաղաքական ապաստան։
  • 2000 թվականի նոյեմբերի 13-ին Ֆիլիպինների խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է նախագահ Ջոզեֆ Էստրադայի իմպիչմենտի օգտին՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ։ Ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներից հետո, 2001 թվականի հունվարի 20-ին, Ջոզեֆ Էստրադան հրաժարական է տվել։
  • 2001 թվականին Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է նախագահ Վահիդ Աբդուրահմանի իմպիչմենտի օգտին։ Նա չի կարողացել հաղթահարել տնտեսական ծանր վիճակը, ինչի հետևանքով կորցրել է քաղաքական և կրոնական խմբերի, ինչպես նաև բանակի աջակցությունը։ Նրա իշխանության պահպանման փորձերը մնացել են առանց ժողովրդի աջակցության։
  • 2004 թվականի ապրիլի 6-ին Լիտվայի խորհրդարանը իմպիչմենտի է ենթարկել նախագահ Ռոլանդաս Պակսասին։ Նրան մեղադրել են նախընտրական քարոզարշավի ֆինանսավորող գործարարին քաղաքացիություն տրամադրելու, պետական գաղտնիքի պաշտպանությունը չապահովելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել է Սեյմի 137 պատգամավորից 115-ը:
  • 2012թ․հունիսի 22-ին Պարագվայի Սենատը որոշում ընդունեց երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմպիչմենտի ենթարկելու մասին՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով։ Գործը հարուցվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Կուրուգուատու քաղաքում ոստիկանության և ֆերմերների միջև բախումից հետո: Միջադեպի հետևանքով զոհվել էր 17 մարդ։ Նախագահի հրաժարականին կողմ է քվեարկել 39 սենատոր, դեմ՝ 4։
  • 2016թ․օգոստոսի 31-ին Բրազիլիայի Սենատը քվեարկեց նախագահ Դիլմա Ռուսեֆի վերջնական իմպիչմենտի օգտին: Իմպիչմենտի օգտին քվեարկել է 61 սենատոր, դեմ՝ 20-ը։ Նախագահին իմփիչմենտի ենթարկելու համար անհրաժեշտ էր 54 ձայն։
  • 2016թ․դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենտի ենթարկեց երկրի նախագահ Պակ Կըն Հեին։ Նախագահին իշխանությունից հեռացնելուն կողմ է քվեարկել Ազգային ժողովի 234, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Պակ Կըն Հեն իշխանությունից հեռացվել է 2017թ․մարտի 10-ին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։
  • 2017թ․նոյեմբերի 21-ին Զիմբաբվեի խորհրդարանը որոշում ընդունեց երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին իմփիչմենտի ենթարկելու մասին՝ հրաժարականի համար նրան 24 ժամ ժամանակ տալով։ Խորհրդարանի որոշումից հետո Մուգաբեն հրաժարական տվեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնից։
  • 2020թ․նոյեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը երկրի նախագահ Մարտին Վիսկարային ճանաչեց անգործունակ և քվեարկեց նրա իմպիչմենտի օգտին։ Որոշումն ընդունվեց 105 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։
  • 2022թ․դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմից լուծարված Կոնգրեսը նրան իմպիչմենտի ենթարկեց։ Պերուում իմփիչմենտը համարվում է կայացած, եթե կողմ քվեարկի խորհրդարանականների երկու երրորդը կամ 87 մարդ»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկով ԱԺ ընդունարան է հանձնվել 107 նամակ՝ անհատապես հասեցագրված բոլոր պատգամավորներին։ Ակցիան իրականացրել է «Արթուն ենք» շարժումը։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ չի նշվել վարչապետի թեկնածուի անունը, քանի որ դա, ըստ նրա, նախաձեռնության մասնակից պատգամավորների իրավունքն է՝ ընտրելու համապատասխան թեկնածու: