29 ապրիլի 2025 - 10:16 AMT
Փաշինյանը հնարավոր է համարել ԵԱՀԿ ՄԽ լուծարման հայտի ստորագրումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության համաձայնագրի հետ մեկտեղ հնարավոր է Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտ ստորագրել։ Նա այդ մասին խոսել է ապրիլի 28-ին Էստոնիայում պաշտոնական այցի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է Արմենպրեսը։

«Այսօր Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ և ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ անդրադարձել ենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս առիթով ուզում եմ կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է իր նպատակի մեջ՝ հասնելու տարածաշրջանում կայուն խաղաղության։ Մենք վճռական ենք կատարել անհրաժեշտ քայլերը, կրել համապատասխան պատասխանատվությունը և հարևան երկրների հետ առկա խնդիրները լուծել կառուցողական երկխոսության և բանակցությունների ճանապարհով։ Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերջին զարգացումները և մեր ակնկալիքը, որ Հայաստանի խաղաղության օրակարգը ի վերջո շոշափելի արդյունքներ կտա»,- ասել է նա։

Փաշինյանը իր երախտագիտությունն է հայտնել Քրիստեն Միխալին՝ Էստոնիայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնությանը դրական արձագանքելու համար։

«Վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը՝ նշելով նաև, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Էստոնիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած Կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով: Քրիստեն Միխալը ողջունել է ՀՀ Կառավարության բարեփոխումների լայն օրակարգը և դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի Կառավարության պատրաստակամությունը: