Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցական ուղերձ է հղել կաթոլիկներին Ֆրանցիսկոս պապի վախճանի կապակցությամբ և կոչ է արել Սուրբ Աթոռին աջակցել շինծու գործերով Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատությունը՝ հավատարիմ մնալով Ֆրանցիսկոս պապի արժեքներին։
«Վարդանյանների ընտանիքը խորին ցավակցություն է հայտնում համայն աշխարհի կաթոլիկ հավատացյալներին։ Մեր մտքերը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների և աշխարհի բոլոր կաթոլիկների հետ են։
Սուրբ Աթոռին կոչ ենք անում Ֆրանցիսկոս Պապի ժառանգությունը հարգելով՝ քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանավորված 23 հայ գերիների, այդ թվում՝ մեր հոր՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ։ Սուրբ Աթոռը կարող է կարևոր դեր ունենալ գերիների ազատ արձակմանն ուղղված դիվանագիտական ջանքերում՝ արդարության և մարդկային արժանապատվության հանդեպ Ֆրանցիսկոս Պապի նվիրվածությանը հավատարիմ մնալու համար: Նրանց շարունակական կալանքը հակասում է խաղաղության և հաշտության այն սկզբունքներին, որոնց Ֆրանցիսկոս Պապը մշտապես հետամուտ էր իր գահակալության ընթացքում»,-ասվում է ուղերձում։
Ընդգծելով Ֆրանցիսկոս Պապի խոսքերը՝ «Կրոնները չեն կարող օգտագործվել պատերազմի համար։ Սուրբ է միայն խաղաղությունը», ընտանիքը ընդգծել է, որ Եկեղեցին պետք է գործնականում կիրառի այս կոչը՝ սատարելով հայ գերիների անհապաղ ազատմանը:
«Մենք կոչ ենք անում Եկեղեցուն գործնականում կիրառել այս խոսքերը՝ սատարելով հայ գերիների անհապաղ ազատ արձակման մեր պահանջը: Այս քրիստոնյաներն արժանի են հալածանքներից պաշտպանություն ստանալուն. նրանք այսօր բախվել են դժվարությունների իրենց հավատքի պատճառով։
Գործելու ժամանակը հիմա է։
Մենք կոչ ենք անում խիղճ ունեցող բոլոր մարդկանց միանալ արդարության և ազատության մեր այս կոչին՝ ի պաշտպանություն 23 հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, որոնք մնում են գերության մեջ միայն իրենց համոզմունքների և ժառանգության պատճառով»,–ասվում է Վարդանյանների ընտանիքի ուղերձում։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։