ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում անցկացվող «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին» միջազգային սիմպոզիումի շրջանակում խոսել է Ադրբեջանի իշխանությունները նեոնացիստական քաղաքականության և Արցախում իրականացված էթնիկ զտման մասին։
Ադրբեջանական պատվիրակության անդամները տեղից փորձել են ընդհատել ելույթը, սակայն, դա նրանց չի հաջողվել՝ Շարմազանովը շարունակել է իր խոսքը։
Շարմազանովը խոսել է ժողովրդների ինքնորոշման իրավունքի մասին, որից էլ օգտվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ «կառուցելով իր ապագան իր նախնիների հողում»։ Նա նշել է, որ «այսօր այդ իրավունքը խախտված է, իսկ Լեռնային Ղարաբաղն` օկուպացված»։
Նա խոսել է նաև այն մասին, w8 44 օրյա պատերազմից հետո «ադրբեջանական վանդալիզմի թիրախում են հայտնվել Արցախի հայկական հուշարձաններն ու կոթողները, Արցախում ավերվել են մարշալ Բաղրամյանի, մարշալ Խանֆերյանցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները»։
«2020-2023թթ․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Ադրբեջանում, 120,000 հայ արտաքսվել իր հողից։ Այն, ինչ արել է Ադրբեջանի ղեկավարությունը, էթնիկ զտում է, այլատյացության դրսևորում և նեոնացիզմի քաղաքականություն»,–ասել է Շարմազանովը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։