29 ապրիլի 2025 - 11:52 AMT
Ղուկասյանին Բաքվում հարցրել են, թե ովքեր էն պարգևատրվել 1992–ին Շուշին վերցնելու համար

Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով ընթացող դատական ֆարսում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին հարցեր են ուղղել, թե ովքեր էն պարգևատրվել 1992–ին Շուշին վերցնելու համար։

Ղուկասյանն ասել է, որ մինչ 1990 թվականը աշխատել է «Սովետական Ղարաբաղ» թերթում, իսկ 1992 թվականի վերջում նշանակվել է վարչապետի քաղաքական հարցերով խորհրդական, գրում է Minval.az-ը։

Նշվել է, որ պարգևատրվել են Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գուրգեն Դալիբալթայանը։

Նիստի ընթացքում ցուցադրվել է Արկադի Ղուկասյանի լուսանկարը Շուշիում։ Պետական մեղադրող Տարանա Մամեդովայի հարցերին պատասխանելիս՝ Ղուկասյանն ասել է, որ լուսանկարն արվել է Շուշի այցելության ժամանակ, և իր կողքին եղել են Զորի Բալայանը և Օլեգ Եսայանը։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հաստատել է իր մասնակցությունը Շուշիի ազատագրմանը։ Նա ասել է, որ եղել է Վիլեն Միքայելյանի ղեկավարած ջոկատում։

«Դա արևելյան ուղղությունն էր։ Ես գիտեմ, որ այդ ուղղության հրամանատարը եղել է Արկադի Կարապետյանը», - ասել է նա, գրում է Trend.az-ը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 1-ին։

Շուշիի ազատագրումը, որը հայտնի է նաև «Հարսանիք լեռներում» ռազմագործողություն, տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը։ Շուշիից ադրբեջանցիները հրթիռահրետակոծում էին Ստեփանակերտն ու շրջակա հայկական բնակավայրերը։ Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակվել է մոտ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։