Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակում ամրացնել Ստամբուլի շենքերը՝ բարձրացնելու նրանց սեյսմակայունությունը։ Այս հանձնարարականը նա տվել է քաղաքի մոտ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ վերջերս տեղի ունեցած երկրաշարժից հետո։
Թուրքիայի նախագահը համապատասխան հայտարարություն է արել նախարարների կաբինետի նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Ստամբուլի պատրաստվածությունը հզոր երկրաշարժերի, գրում է «Վեստի Կաոկազան»։
«Մեր պարտականությունն է հնարավորինս արագ պատրաստել քաղաքը երկրաշարժին, մինչև որ տարերքը չթակի մեր դռները», — նշել է Էրդողանը։
Նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է բոլոր կողմերի ջանքերի համախմբում և միջոցառումների համատեղ իրականացում՝ նպատակին հասնելու համար։
Նա հիշեցրել է, որ վերջերս Ստամբուլում տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, բարեբախտաբար, զոհերի չի հանգեցրել։ Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է 16 միլիոն բնակչությամբ քաղաքի ոչ բավարար պատրաստվածությունը նոր ցնցումների նկատմամբ։
Նախագահը մանրամասնել է, որ երկրաշարժի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել 236 մարդ, հիմնականում խուճապի պատճառով։ Բացի այդ, գրանցվել է 1 903 շենքի թեթև վնասվածքներ։
Թուրքիայի առաջնորդը կարևորել է քաղաքական տարաձայնություններից խուսափելու անհրաժեշտությունը բնական աղետներին, հատկապես երկրաշարժերին պատրաստվելու գործընթացում։
Ապրիլի 23–ին Ստամբուլում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 13։49–ին։ 2 րոպե անց նոր ցնցում է գրանցվել։ Երկրաշարժից ցնցվել էին նաև հարակից շրջանները, այդ թվում՝ Բուրսան, Յալովան և Թեքիրդաղը: Վախեցած մարդիկ ստիպված լքել էին իրենց տները: