29 ապրիլի 2025 - 14:32 AMT
ԱԳՆ-ն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ–ն դուրս է բերելու խաղաղապահներին Կոսովոյից

Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության գրավոր պատասխանից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու: Ապրիլի 15-ին ելույթ ունենալով ԱԺ–ում ՝ Փաշինյանը կրկնել է այս արտահայտությունը՝ նշելով, որ հայկական բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու:

Վարչապետի այս դիրքորոշման վերաբերյալ արտաքին գերատեսչությանը ուղղված հարցմամբ լրատվամիջոցը հետաքրքրվել են, թե ինչ խնդիր են լուծում հայ խաղաղապահները Կոսովոյում և արդյոք Երևանը նախատեսում է նրանց հետ կանչել՝ ելնելով վերոնշյալ հայտարարությունից։

Նախարարությունից հայտնել են, որ խաղաղապահ առաքելությունների հիմնական նպատակը խաղաղության ապահովումն է, և ՀՀ-ն մնում է հավատարմության խաղաղության օրակարգին՝ այդ թվում նաև գլոբալ մակարդակում։

«Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին», - հայտնել են ԱԳՆ-ից։

Գերատեսչությունը կարևորել է հայ խաղաղապահների մասնակցությունը միջազգային առաքելություններին՝ ընդգծելով խաղաղության հաստատման ուղղությամբ գործընկերային համագործակցության ընդլայնման նշանակությունը։

«ՀՀ ԶՈւ խաղաղապահները ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Ne 1244 բանաձևի շրջանակներում ստեղծված KFOR ուժերի կազմում: KFOR ուժերի հիմնական խնդիրներից են անվտանգության պայմանների ստեղծումը և ռազմական գործողությունների վերսկսման կանխումը, ինչին համապատասխան կերպով ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։

Նախարարությունում ընդգծել են, որ Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ ծրագրերին նպաստում է նաև երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը՝ հիմնված միջազգային չափանիշների և ձեռք բերված փորձի վրա, ինչի արդյունքում այն դառնում է առավել դիմադրունակ նոր սպառնալիքների նկատմամբ։

Արտաքին գերատեսչությունը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր դերակատարումը Կոսովոյի խաղաղապահ առաքելությունում՝ աջակցելով տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված գործողություններին։

Նշվել է նաև, որ հայ խաղաղապահները ներկայումս մասնակցում են ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելությանը Լիբանանում։