29 ապրիլի 2025 - 15:04 AMT
Քոչարյան․ ՀՀ ղեկավարը Պրահայում Ռուսաստանի տակից հանեց միջնորդի աթոռը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատերազմից հետո ՀՀ ղեկավարը՝ Պրահայում արված հայտարարությամբ Ռուսաստանի տակից հանեց միջնորդի աթոռը։

«Հայաստանն ի՞նչ է արել. պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած էր, 2000 հոգի, անվտանգություն էին ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները, մինչև ինչ-որ պահ։ Այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ Արցախն ընդունում եմ Ադրբեջանի կազմում։ Ռուսների հետ չի բանակցում, տեղակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ եք, դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպե՞ս վարվել։ Այդպես չի լինում միջազգային հարաբերություններում»,–ասել է նա։

Նա հավելել է, որ արցախցիների վերադարձի հարցում, հիմա իրատեսական չէ Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, կարելի է խոսել անվտանգային երաշխիքների մասին։ Նա հավելել է, որ անվտանգության երաշխիքներ նշանակում է ՄԱԿ-ի բանաձև, որոշակի ինքնավար կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ։

«Իրատեսական պատկերը, իմ կարծիքով, որոշակի անվտանգային երաշխիքներն են»,–ասել է նա։

Քոչարյանն ընդգծել է, որ հարցը վերաբերում է այն բանին, թե Հայաստանը այսօր ի՞նչ նպատակներ է դնում և արդյոք ընդհանրապես դնում է։

«Ըստ էության, իրենք Ռուսաստանի՝ որպես միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ադրբեջանը, գնացե՛ք իրար հետ բանակցեք։ Միջազգային հարաբերություններում այդպես չի լինում։ Ըստ էության, դրանով նրանք Ռուսաստանի, որպես միջնորդի, տակից աթոռը հանել են։ Ադրբեջանն ասում է՝ բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջև։ Կարո՞ղ է, Ղարաբաղը հիմա դուք եք ներկայացնում։ Բայց հիմա Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջում են, ասում՝ ինչո՞ւ սա չես արել, նա չես արել։ Այդ կարգի սխալների համար չափազանց թանկ գին են տալիս»,–ասել է Քոչարյանը։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: