29 ապրիլի 2025 - 17:30 AMT
Հարությունյան. ՍԴ որոշումը ապօրինի գույքի մասին ունի լուրջ թերություններ

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ որոշմանը։

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն ունի լուրջ թերություններ, որոնք չպետք է անտեսվեն»,– ընդգծել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ ցավոք, Սահմանադրական դատարանը մերժել է իր միջնորդությունը գործի լսումները բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջներին:

«Դա շատ կարևոր էր, քանի որ հանրության համար պայմաններ կստեղծվեին լսելու, թե որոնք էին մեր փաստարկները, ինչու ենք մենք պնդում, որ սահմանդրական դրույթներն են դրա հիմքում։ Այնուամենայնիվ այս հնարավորությունն անտեսվեց»,– ասել է Հարությունյանը։

Մինչ ասուլիսում մանրամասներին անցնելը, նա կարևորել է կոռուպցիայի և հանցավորության արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթացը։

«Այսինքն այն, ինչ ես կներկայացնեմ, որևէ աղերս չունի այն մոտեցման հետ, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը։ Ո՛չ։ Բայց ես ինչքան կողմ եմ, որ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, դա նշանակում է, որ նա գողացել է։ Կոռուպցիայի դեմ պայքարն ինչքան էլ կարևոր լինի, միևնույն է, այն չի կարող հիմք լինել, որ խախտվեն սահմանդրական իրավունքները»,– ընդգծել է նախկին նախարարը։

Դավիթ Հարությունյանը հիշեցրել է, որ ՍԴ-ում վիճարկված օրենքն ունի երկու հստակ հայտարարված նպատակ՝ կոռուպցիայի դեմ պայքար, որը վերաբերում է նախկին և ներկա պաշտոնյաներին, և հանցավորության դեմ պայքար, որը վերաբերում է բոլոր այն անձանց, ովքեր կատարել են օրենքով սահմանված որոշ հանցագործություններ՝ անկախ նրանից, պաշտոնյա են եղել, թե ոչ։

Նա նշել է, որ երկրորդ դեպքի համար օրենքը չի պահանջում, որ հանցագործությունն ապացուցված լինի դատարանի կողմից։

«Այսինքն, կարող է ընդամենը քրեական գործ հարուցված լինել, ավելին, օրենքը նշում է, եթե անձը արդարացվեց, համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել բռնագանձման վարույթը, միևնույն է, պետք է շարունակվի։ Տարօրինակ է, բայց օրենքը պարունակում է նման դրույթ»,– նշել է նա՝ հավելելով, որ ուսումնասիրության դաշտն ընդգրկում է նաև 1991 թվականի սեպտեմբերից հետո ձեռք բերված գույքը։

Դավիթ Հարությունյանը նաև ընդգծել է, որ օրենքը պարունակում է դրույթ, ըստ որի, կարևորվում է ոչ թե հանցագործության և գույքի ձեռք բերման ժամանակային կապը, այլ այն, որ անգամ հանցագործությունից առաջ ձեռք բերված գույքը կարող է բռնագանձման ենթարկվել։