Ադրբեջանն ԱՊՀ–ում առանձնանում է կրթական և գիտական համակարգի կոռումպացվածությամբ, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։
Նշվում է, որ ՄԱԿ-ի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից հետո Ադրբեջանը միացել է այն երկրների ցանկին, որոնք ստանձնել են կոնվենցիայի պահանջների կատարումը՝ նախաձեռնելով օրենսդրական և վարչական բարեփոխումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով, սակայն, այդ միջոցառումների արդյունքում Ադրբեջանը շարունակում է գլխավորել կոռումպացված պետությունների ցանկը։
Ադրբեջանում կոռուպցիան տարածված է բոլոր բնագավառներում, սակայն հատկապես ակնհայտ է կրթության և գիտության ոլորտներում, որտեղ որոշակի անվճար ծառայություններ հասանելի են միայն կրթական և կրոնական համակարգերում։ Մյուս ոլորտների համեմատությամբ, որտեղ կաշառքը դիտվում է պաշտոնական դիրքի չարաշահման արդյունք, կրթական համակարգում այն նաև արտացոլում է հասարակության մշակութային վարքագիծը։
2000-ականների սկզբից միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Transparency International-ը և Freedom House-ը, մշտապես արձանագրել են, որ Ադրբեջանը ԱՊՀ շրջանակում առանձնանում է հատկապես կրթական համակարգի կոռումպացվածությամբ։
2010-ականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած որոշ փոփոխություններին, կոռուպցիան մնացել է խորապես արմատավորված ադրբեջանական հասարակությունում։ Այս երևույթը ստացել է «ազգային խայտառակություն» գնահատականը։ Ադրբեջանի պաշտոնյաները, թեև ընդունել են բարեփոխումների անհրաժեշտությունը և հայտարարել են որոշակի առաջընթացի մասին, սակայն իրականում կրթական համակարգում առկա խնդիրները խորացել են, և դպրոցաշինական ծրագրերում ի հայտ են եկել նոր կոռուպցիոն դրսևորումներ։
2012 թվականից հետո կրթական հաստատությունների կառուցման և բարեկարգման ֆինանսական միջոցները փոխանցվել են տեղական ինքնակառավարման մարմիններին՝ նվազեցնելով մրցութային գործընթացների թափանցիկությունը և աճեցնելով շինարարական ծախսերը։ Օրինակ, 2007 թվականին Բաքվում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կառուցված դպրոցը կազմել է վեց անգամ ավելի ցածր արժեք, քան Գաբալայում նույն չափի կրթական հաստատությունը, որը կառուցվել է կրթության նախարարության բյուջետային միջոցներով։
Միջազգային մշտադիտարկումները, որոնք ընդգծել են Ադրբեջանի ընդգրկվածությունը աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում, նաև ներգրավել են ադրբեջանցի հետազոտողների ուշադրությունը։ Սակայն, տեղական վերլուծությունները հաճախ կոռուպցիան բացատրել են ցածր աշխատավարձերով և սոցիալ-մշակութային առանձնահատկություններով։ Չնայած երկրի նավթագազային հարստությանը, կրթության և գիտության համար հատկացված միջոցները գնահատվում են անբավարար, իսկ հանրակրթական դպրոցների կրթական ծրագրերը չեն ապահովում համալսարաններում ընդունվելու բավարար հիմքեր։
Արդյունքում, ֆինանսապես ապահովված ընտանիքները նախընտրում են կամ վճարովի կրկնուսույցների օգնությունը, կամ էլ կաշառքի միջոցով լուծում գտնել։ Արձանագրվել է նաև, որ մատուցվող ուսումնական ռեսուրսները և մեթոդական նյութերը հնացած են։
Կոռուպցիան խորապես թափանցել է նաև Ադրբեջանի գիտական համակարգը, որը ղեկավարում է Գիտությունների ազգային ակադեմիան։ Այստեղ տարածված են պետական հատկացումների յուրացումները, խարդախություններ շինարարության և գնումների ոլորտներում, ինչպես նաև անվերահսկելի աշխատավարձերի վճարումները չհաճախող աշխատակիցներին։
Միջազգային կազմակերպությունները սովորաբար գնահատում են պետությունների կոռուպցիոն վարքագիծը պետական մակարդակով արձանագրված տվյալների հիման վրա։ Սակայն Ադրբեջանի պարագայում հասարակության մեջ տարածված կաշառատվության մշակույթը, մասնավորապես ուսանողների շրջանում, առանձնանում է։ Արձանագրվել է, որ համալսարաններում ուսանողների մեծ մասը պատրաստ է կաշառք առաջարկել բարձր գնահատականների կամ դիպլոմ ստանալու նպատակով՝ արտացոլելով սոցիալ-մշակութային առաջնահերթությունները, որտեղ կարգավիճակն ավելի արժեքավոր է, քան հմտություններն ու գիտելիքը։
Պետական քաղաքականությունը, որը աշխատանքի ընդունելիս կարևորվում է դիպլոմը, ոչ թե մասնագիտական կարողությունները, խթանել է այս երևույթը։ Կրթական ոլորտում պաշտոնյաների ձերբակալությունները և պաշտոնանկությունները հաճախ ունենում են ձևական բնույթ և ծառայում են պաշտոնյաների հեղինակությունը բարձրացնելու նպատակին։
Վառ օրինակ է Ջեյհուն Բայրամովի գործունեությունը, ով կրթության նախարար աշխատած ժամանակ Բաքվում բախվել է կոռուպցիոն բողոքի ալիքների։ Չնայած նրա նախաձեռնած բացահայտումներին, կոռուպցիան նրա պաշտոնավարման ընթացքում խորացել է՝ ընդգրկելով կրթական համակարգի բոլոր մակարդակները և նույնիսկ տարածվելով տարածաշրջանային գիտակրթական հարթակներում։
Ադրբեջանի կրթական և գիտական համակարգերում կոռուպցիան մնում է համակարգված երևույթ՝ պետական կառույցների և ակադեմիական հաստատությունների միջև ձևավորված մթնոլորտի պայմաններում, որտեղ օրենքի հանդեպ անտեսումը և կաշառք առաջարկելը դարձել են ընդունված նորմ։ Չնայած Բաքվի իրականացրած աղմկահարույց գործողություններին, միջազգային գնահատականները մնացել են անփոփոխ՝ Ադրբեջանը շարունակելով զբաղեցնել առաջատար դիրքեր ամենակոռումպացված երկրների շարքում։