29 ապրիլի 2025 - 18:04 AMT
ՄՊՀ-ն 2024-ին նշանակել է աննախադեպ՝ 3 միլիարդ դրամից ավելի տուգանք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է 2024 թվականի գործունեության վերաբերյալ իր հաշվետվությունը։

Նախորդ տարին առանձնացել է նաև վարչարարության արդյունավետության աճով, այդ թվում՝ թե՛ բացահայտված իրավախախտումների, թե՛ նշանակված տուգանքների ծավալների տարեցտարի աճող արդյունքներով։ 2024-ի դրությամբ տուգանքների ընդհանուր գումարը գերազանցել է 3 միլիարդ դրամը, ինչը աննախադեպ է ՄՊՀ-ի ավելի քան 20-ամյա պատմության ընթացքում, հայտնում է 1lurer.am-ը։

«2024 թվականը հանձնաժողովի համար շրջադարձային էր՝ հաշվի առնելով սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները, մասնավորապես օրենսդրական մեծածավալ փոփոխությունների նախաձեռնումը, որով հանձնաժողովին են վերապահվելու սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորությունները»,- իր ուղերձում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Հաշվետվության մեջ առանձին բաժիններով ներկայացված են մրցակցության պաշտպանության ոլորտում 2024 թվականին իրականացված հիմնական գործողությունները՝ վիճակագրական տվյալներով, առավել նշանակալի վարույթները, մրցակցային միջավայրի զարգացմանն ուղղված միջոցառումները, հինգ ապրանքային շուկաներում իրականացված ոլորտային վերլուծությունները, հանձնաժողովի որոշումների վերաբերյալ կայացված դատական վճիռները, սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններն ու վարչարարական միջոցառումները, ինչպես նաև Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աշխատանքները և 2025 թվականի հիմնական առաջնահերթությունները։