29 ապրիլի 2025 - 18:47 AMT
Թորոսյանն ուղիղ եթերում պատռել է վարչապետի իմպիչմենտի առաջարկով նամակը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատռել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկով նամակը, որը հասցեագրվել է ԱԺ բոլոր պատգամավորներին անհատապես։

Նա իր հրապարակումը վերնագրել է «իմպիչմենտի վախճանը»։

Թորոսյանն ընթերցել է հասարակական քաղաքական գորխիչ Էդգար Ղազարյանի նամակը՝ այն որակելով «խեղկատակություն»։

«Ինչքա՞ն կարելի է տկարամիտ լինել, որ նման բան նախաձեռնեն մի ԱԺ-ում, որն ունի մեծամասնություն, որը ձևավորվել է ազատ և արդար ընտրությունների միջոցով, որտեղ ընդդիմությունը չունի բավարար ձայներ նման գործընթաց սկսելու համար»,–ասել է Թորոսյանը։

Նա հավելել է, որ դա արվում է 2-3 օր մեդիադաշտում աղմուկ բարձրացնելու համար։

«Արթուն ենք» շարժման անունից Ազգային ժողովի պատգամավորներին ուղղված անհատական նամակների հանձնումից առաջ շարժման անդամ Նարեկ Մալյանը հայտարարել էր, որ Հայաստանում իշխանափոխության միակ հնարավոր ճանապարհը մնում է իմպիչմենտի նախաձեռնությունը։ Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք եղել է կողմ քվեարկելու ակնարկ, Մալյանը դրական է արձագանքել։