ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ հանդիպմանը ընդգծել է քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը և փոխվստահության ամրապնդման կարևորությունը՝ ի նպաստ երկու հարևան ժողովուրդների կայունության և բարեկեցության:
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միմյանց երկրներ մուտքի ընթացակարգերի դյուրացման թեման: Այս համատեքստում նախագահները դիտարկել են փոխայցելությունների ազատության ապահովման հնարավորությունը՝ ներառյալ բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու տարբերակը:
Կավելաշվիլին իր խոսքում նշել է. «Նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է, և ես շատ ուրախ եմ եղբայրական Հայաստանում գտնվելու համար։ Ինչ խոսք, լիովին համաձայն եմ, որ մեր դարավոր բարեկամությունը և եղբայրությունը օրինակելի է և շարունակական զարգացում է ունենալու»:
Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ձևավորված համագործակցության տարբեր ոլորտներում խորացմանն ու զարգացմանը:
Նրանք կարևորել են նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ խաղաղասիրական օրակարգի առաջմղումը տարածաշրջանի զարգացման կարևորագույն նախապայման է:
Նախագահները գոհունակությամբ արձանագրել են տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ կապերն ու արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր հարթակ:
Նրանք անդրադարձել են նաև հայ և վրաց ժողովուրդների միջև եղած բազմադարյա պատմական և մշակութային ընդհանրություններին՝ նշելով, որ այդ հարուստ ժառանգությունը հանդիսանում է փոխադարձ վստահության, բարեկամության և համագործակցության ամուր հիմք:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը իր խոսքում բարձր է գնահատել վրացական կողմի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատմանը՝ կարևորելով այդ ջանքերի դերը տարածաշրջանային վստահության և կայունության ապահովման գործում:
Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հրավիրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ապագայում այցելել Վրաստան:
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: