ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը դիմել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ պատասխանատուներին՝ աջակցելու Բաքվում պահվող 23 հայ ռազմագերիների, ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, ազատ արձակմանը։
Առաջարկվել է ԵԱՀԿ-ին կիրառել իրենց տրամադրության տակ գտնվող գործիքակազմը՝ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շրջանակում ուսումնասիրելու օրենսդրական և վարչական ընթացակարգերը, փաստագրելու առկա իրավիճակը, ինչպես նաև ներկայացնելու համապատասխան առաջարկություններ և խորհրդատվություն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցված են նաև մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև ի աջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին»։
Միաժամանակ, ակտիվ շարունակում է գործել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի նախաձեռնած հարթակը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է ստորագրել առցանց խնդրագիր, ուղղված ԵԱՀԿ համապատասխան պաշտոնյաներին։
Ըստ հայտարարության՝ «յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրության ու կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագհահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի դադարեցվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակվեն ապօրինի կերպով ձերբակալված բոլոր հայ գերիները»։
Նշվում է, որ ստորագրությունների թիվը ներկայումս հասել է վեց հազարի, սակայն կարևոր է շարունակել ավելացնել այն։ Այս նպատակով, Հայ դատի կենտրոնական գրասենյակը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել նախաձեռնությանը, ստորագրել խնդրագիրը և մասնակցել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքներին։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։