29 մայիսի 2009 - 20:59 AMT
Երեւանում բացվել է «Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսը
Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարային կենտրոնում տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսը: Չորս օրվա ընթացքում ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նկարչության եւ քանդակագործության մրցույթներ, հաղթողները կստանան մրցանակներ եւ պատվոգրեր:

«Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսին մասնակցում են մանկական «ԼՕԼՕ» ամսագիրը, «Play City» զվարճությունների կենտրոնը, «Զանգակ-97» հրատարակչությունը, «Bebetto» խանութ-սրահը եւ մանկական արտադրանքի շատ այլ ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կիրականացվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի աջակցությամբ:

Ցուցահանդեսին մասնակցում է չորս մանկատուն Հայաստանի տարբեր շրջաններից (Գյումրի, Գավառ, Երեւան), որտեղ երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսը կուղեկցվի հագեցված մշակութային ծրագրով: