29 մայիսի 2009 - 21:03 AMT
Ռուսական վարկը տրամադրվել է Հայաստանին առանց նախապայմանների
Ռուսական վարկը տրամադրվել է Հայաստանին առանց նախապայմանների, ուրբաթ օրը կառավարության նիստի ժամանակ հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիրգրան Սարգսյանը: «Ուզում եմ հավաստիացնել, որ այդ դրամական միջոցները ծախսելու ուղղությամբ ինչ-որ նախապայմաններ չկան: Մենք լիովին տնօրինելու ենք դրանք, եւ այդ միջոցներն ուղորդվելու են հակաճգնաժամային միջոցառումների իրագործմանը»,- ասել է Սարգսյանը:

Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետը, Ռուսաստանի հատկացրած վարկից մանր եւ միջին բիզնեսի հնարավորությունների ընդլայնման համար նախատեսվում է տրամադրել 15 մլրդ դրամ, իսկ 24 մլրդ դրամն ուղորդվելու է աղետի գոտում վերականգնման աշխատանքներին: Վարչապետի խոսքերով, վարկեր են տրամադրվելու նաեւ համակարգաստեղծ ձեռնարկություններին, եթե նրանք ժամանակավոր դժվարություններ ունենան` կապված ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ:

Դրա հետ կապված Սարգսյանն ավելացրեց, որ ՀՀ ԿԲ-ում ստեղծվելու է կայունացնող հիմանդրամ, որի միջոցների մի մասն ուղորդվելու է 2010-ին պետբյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, իսկ հիմնական գումարը հատկացվելու է հակաճգնաժամային ծրագրերի իրագործմանը: «Հասկանալի է, որ կայունացնող հիմնադրամի ստեղծումը մեզ համար շատ կարեւոր է հակաճգնաժամային միջոցառումներ իրագործելու համար, քանի որ յուրաքանչյուր ամիս մակրոտնտեսական ցուցանիշները փոխվում են, եւ այսօր անհնար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի տարեկան կտրվածքում ՆՀԱ-ն եւ ինչպիսին կլինեն մեր ստացված հարկերը»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ այդպիսի հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները եւ երկրի քաղաքացիները համոզված լինեն, որ պետությունը բավական ֆինանսական միջոցներ ունի նախազգուշական միջոցառումներ ձեռնարկելու համար: «Ամբողջությամբ վերցրած, դա բարձրացնում է մեր մակրոտնտեսական կայունությունը եւ բարենպաստ միջավայր է ստեղծում դրական սպասումների ձեւավորման համար»,- ավելացրել է վարչապետը:

Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին համաձայանագիր են ստորագրել Երեւանին 15 տարի ժամկետով 500 մլն դոլար վարկ տրամադրելու մասին LIBOR տոկոսադրույքով գումարած 3 տոկոս` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցելու համար: