1 մայիսի 2025 - 14:21 AMT
ԵՏՀ․ ԵԱՏՄ արտաքին պարտքը կրճատվել է 26 մլրդ դոլարով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների արտաքին պարտքն 2025 թվականին նվազել է 4.9 տոկոսով՝ ընդհանուր առմամբ 26 միլիարդ դոլարով։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նոր հրապարակած զեկույցում։

Ըստ զեկույցի՝ արտաքին պարտքի նվազման հիմնական նպաստողներն են եղել Ռուսաստանն ու Բելառուսը, որտեղ, համապատասխանաբար, արձանագրվել է 8.8 և 4.4 տոկոս նվազում։ Միևնույն ժամանակ, մյուս անդամ երկրներում արձանագրվել է պարտքի աճ՝ Հայաստանում 4.7 տոկոս, Ղազախստանում 0.7 տոկոս, իսկ Ղրղզստանում՝ 12.8 տոկոս, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայաստանում և Ղազախստանում պարտքի աճն առավել նկատելի է եղել բանկային ոլորտում՝ համապատասխանաբար 16.7 և 17.2 տոկոս աճով։ Զեկույցում նշվում է, որ ԵԱՏՄ երկրներում արտաքին պարտքի կառուցվածքն էական տարբերություններ ունի։ Այսպես, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում գերակշռող է եղել պետական կառավարման մարմինների պարտքի տեսակարար կշիռը։