1 մայիսի 2025 - 14:51 AMT
Խոզնավարի ղեկավար․ «Սուտի-մուտի» կրակոցներ են՝ գյուղի ուղղությամբ չեն

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանը, անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված կարճ տեսանյութին, որտեղ կրակոցների ձայներ են լսվում գյուղում, ասել է, որ դրանք գյուղի ուղղությամբ չեն եղել, հայտնում է Factor.am-ը։

«Կրակոցի ձայներ քիչ են լսվել՝ «սուտի- մուտի» կրակոցներ են եղել։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- ասել է նա։

Վահան Զաքյանը հավելել է, որ վերջին օրերին կրակոցների ձայներ երբեմն լսվում են, սակայն դրանք Խոզնավարի ուղղությամբ չեն լինում։

Ապրիլի 29-ին Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրեր այցելել են տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարներ Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանը՝ գիշերելով Խնածախում։

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեկոյան ժամը 22:20-ի սահմանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է մեկ բնակելի տուն։

Նախքան այս միջադեպը, Ադրբեջանը մի քանի շաբաթ շարունակ տարածել է տեղեկատվություն, թե հայկական կողմը կրակում է, սակայն այդ պնդումները պաշտոնական Երևանը հետևողականորեն հերքել է։