Ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու միջոցառումներին, որոնք նվիրված են այդ երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին, հաղորդում է 1news.az-ը։
Պատվիրակության անդամ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին ձերբակալել են Մոսկվայի օդանավակայանում և թույլ չեն տվել նստել Աստրախան ուղևորվող ինքնաթիռ։
Օդանավակայանում Բադամովին հայտնել են, որ նրան արգելվել է մուտքը Ռուսաստան։ Պատգամավորին և պատվիրակության անդամներին բացատրություններ չեն ներկայացվել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է իրողությունը և գնահատել այն որպես «ոչ բարեկամական քայլ» և պարզաբանումներ պահանջել, հայտնում է Trend-ը։
«Այո, սա իրոք այսօր է տեղի ունեցել։ Նշենք, որ այն պատվիրակության այցը, որի կազմում է Միլի Մեջլիսի պատգամավոր Աազեր Բադամովը, Աստրախան քաղաք կազմակերպվել է ՌԴ Աստրախանի մարզի փոխնահանգապետ՝ կառավարության նախագահ Դենիս Աֆանասևի հրավերով՝ մասնակցելու միջոցառումների, որոնք նվիրված են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակին։
Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից մեկնել էր Մոսկվա, ռուսական կողմն առանց որևէ նախնական զգուշացման կամ տեղեկատվության Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել է պատվիրակության կազմում եղած պատգամավոր Աազեր Բադամովին՝ հայտարարելով, թե նրա մուտքն արգելված է։ Մի քանի ժամ օդանավակայանում պահելուց հետո նրան վերադարձրել են մեր երկիր։
Դրա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի հետ շտապ կապ են հաստատել Ռուսաստանում մեր դեսպանության միջոցով։ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հարցը կքննվի, սակայն այս որոշման պատճառների վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացրել։
Մենք այս որոշումը գնահատում ենք որպես ոչ բարեկամական քայլ ռուսական կողմի կողմից և սպասում ենք պարզաբանումների», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։