5 մայիսի 2025 - 11:11 AMT
Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հետաձգել է այս շաբաթ նախատեսված այցն Ադրբեջան։ Այդ մասին հայտնել է նրա գրասենյակը։

«Գազայի հատվածում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև քաղաքական և անվտանգային խիտ գրաֆիկի պատճառով վարչապետ Նեթանյահուն որոշում է ընդունել հետաձգել իր այցն Ադրբեջան՝ մինչև ավելի հարմար ժամկետ», – ասված է վարչապետի գրասենյակի հայտարարությունում, հայտնում է Times of Israel-ը։

Walla լրատվականը, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնել է, որ իրականում այցը չեղարկվել է, քանի որ Թուրքիան թույլ չի տվել, որ Նեթանյահուի ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով։ Այլընտրանքային ուղիները կերկարացնեին ճանապարհի տևողությունը գրեթե կրկնակի։

Վարչապետի գրասենյակը չի արձագանքել լրատվամիջոցի՝ հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու հարցմանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Նեթանյահուի այցը Բաքու տևելու է 5 օր։