«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում փորձել է հստակեցում ստանալ՝ սերժանտական ինստիտուտի ներդրման պարագայում ՀՀ Զինված ուժերում սերժանտների աշխատավարձերը որքան են կազմելու։
Նա ընդգծել է, որ պարեկային ծառայության աշխատակիցները, նույնիսկ ատեստացիա չանցած, ստանում են բավական բարձր վարձատրություն, ինչը զգալիորեն տարբերվում է Զինված ուժերում ծառայող զինվորականների վարձատրման պայմաններից, հայտնում է Aysor.am-ը։
«Զինծառայողներից շատերը, ովքեր նաև մարտական հերթապահություն են իրականացնում, այդ խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Հիմա սերժանտական ինստիտուտի ներդրման դեպքում սերժանտի աշխատավարձի չափն ինչքա՞ն է լինելու և արդյո՞ք հավասարազոր է լինելու պարեկային ծառայողի աշխատավարձին, որ հիմիկվանից մարդիկ պատկերացնեն»,-դիմելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին՝ հարցրել է պատգամավորը։
Ի պատասխան՝ պաշտպանության նախարարի տեղակալը պարզաբանել է, որ կարող է ներկայացնել միայն այն թվերը, որոնք վերաբերում են սերժանտների աշխատավարձերին՝ առանց դրանք համեմատելու պարեկների վարձատրման հետ, քանի որ այդ տվյալները իր տրամադրության ներքո չեն գտնվում։
«Մեզ մոտ կան խմբեր՝ 7․4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը 220,000, իսկ ատեստավորվելու դեպքում կլինի մոտավոր 490,000 դրամ։ 9.8 խմբի սերժանտի համար՝ նվազագույնը 362,000 դրամ, ատեստավորվելու պարագայում՝ մոտ 630,000 դրամ, իսկ 9.9 խմբի համար՝ մոտ 400,000 դրամ, ատեստավորվելու դեպքում՝ 670,000 դրամ»,-ասել է նա։