6 մայիսի 2025 - 17:00 AMT
Մամիջանյան. Եթե Քոչարյանը դառնա վարչապետի թեկնածու, մենք կսատարենք

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով վարչապետի իմպիչմենտի շուրջ խոսակցություններին, ասել է, որ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի վարչապետի թեկնածու, իրենք կսատարեն։

Նա անդրադարձել է նաև տեսակետին, թե իմպիչմենտի վերաբերյալ ԱԺ պատգամավորներին նամակներ ուղարկած Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանն ուղղորդվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, հայտնում է Auroranews.am-ը։

«Ում ուզում է լինի, Հանրապետականը երբ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում ասելիքի համար։ Մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել՝ ի տարբերություն որոշ ուժերի, որ 7 տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պադվալներից, տարբեր գրասենյակներից վարձու գործիչների։ Չնայած՝ գործիչների չէ, գործիքների, Հանրապետականի դեմ»,– նշել է պատգամավորը։

Մամիջանյանը շեշտել է, որ նման գործողություններ իրականացնող անձանց զգալի մասը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի համակիր։

Մամիջանյանն անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ եթե առաջիկա օրերին ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է 50+1 տոկոսով, իսկ 2026-ին հնարավոր է անգամ ավելի բարձր տոկոսով։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ վիճակագրություն ունի՝ ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։

«Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի՝ սուս մնան։ Եթե պարոն Սինոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է, թող շարունակի դրանով հպարտանալ»,– ասել է Մամիջանյանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ անգամ այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի շրջանում։ Այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու Գյումրիում չհաղթեցին՝ Սիմոնյանը հորդորել է հանրապետական և տեղական ընտրությունները չհամեմատել և չափանիշ չընդունել։