7 մայիսի 2025 - 18:55 AMT
Թունյան․ Հերթական անձրևից հետո Երևանը վեր էր ածվել մինի լճերի տարածքի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով մայիսի 6–ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևին, որը կաթվածահար էր արել երթևեկությունը, ասել է, որ «հերթական անձրևից հետո Երևանը վերածվել էր մինի լճերի տարածքի»։

«Իրականում ունենք շատ վատ իրավիճակ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նրա, հասկանալի է՝ խնդիրը խորքային է, կապված է ջրահեռացման համակարգի հետ, բայց սա արդեն բավականին երկար ժամանակ է շարունակվում։ Իշխող ուժի ներկայացուցիչը հարց է ուղղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ թե արդյո՞ք կառավարությունը, նախարարությունը քննարկումներ ունեցել է Երևանի քաղաքապետարանի հետ այս խնդիրը վերջնական ու ֆունդամենտալ լուծելու համար։

Ի պատասխան՝ Դավիթ Խուդաթյանն ասել է, որ նման քննարկումներ ունեցել են քաղաքապետարանի գործընկերների հետ՝ հավելելով, որ այս տեսակի խնդիրներ առկա են ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Նրա խոսքով՝ փողոցների կառուցման ընթացիկ ծրագրերում ներառված են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացման քայլերը։

«Գոնե լավ է ժողովուրդը մի քիչ հումորով է վերաբերվում այդ ամենին, բայց այդ հումորի ռեսուրսն էլ է սպառվելու»,- արձագանքել է Թունյանը։