Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի կնոջ մեքենայի հրկիզման գործով ձերբակալված կա:
«Մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են»,- հայտնում է ՆԳՆ–ն։
Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ձերբակալված անձը արդեն հանձնվել է նախաքննություն իրականացնող մարմնին, իսկ գործով օպերատիվ միջոցառումները դեռ շարունակվում են։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենան, որը կայանված է եղել տան հարևանությամբ։Ըստ նրա՝ այս ամենի հետևում քաղաքային իշխանություններն են կանգնած։