12 մայիսի 2025 - 10:47 AMT
Զելենսկի. Մայիսի 15–ին անձամբ կսպասեմ Պուտինին Ստամբուլում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնություն է հայտնել մասնակցելու բանակցություններին Թուրքիայում մայիսի 15-ին, սակայն միայն այն դեպքում, եթե դրանց մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին։

Զելենսկին նշել է նաև, որ Կիևը սպասում է մայիսի 12-ից հրադադարի ամբողջական իրականացմանը, գրում է Unian.Net-ը։

«Ռուսաստանի հետ պատերազմը միևնույն է՝ պիտի ավարտվի։ Սպանությունները պետք է դադարեցվեն։ Ուկրաինական ուժերը պատրաստ կլինեն արձագանքել հայելային կերպով՝ որպեսզի դա արդար լինի։ Մենք բազմիցս լսել ենք գործընկերներից, որ նրանք պատրաստ են ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, եթե Պուտինը հրաժարվի հրադադարից։ Կտեսնենք։

Եվ մեզ մոտ Ուկրաինայում որևէ խնդիր չկա բանակցություններ վարելու հարցում՝ մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի։ Ես լինելու եմ այս հինգշաբթի, մայիսի 15-ին, Թուրքիայում՝ և սպասում եմ Պուտինին Թուրքիայում։ Անձամբ։ Եվ հուսով եմ, որ այս անգամ Պուտինը պատճառներ չի փնտրի, թե ինչու չի կարող։ Մենք պատրաստ ենք խոսելու՝ պատերազմի վերջակետ դնելու համար։ Հինգշաբթի, Թուրքիա։ Նախագահ Թրամփը աջակցեց։ Բոլոր առաջնորդները աջակցեցին»,–նշել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են կայանալ մայիսի 15-ին Թուրքիայում.

«Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, այլ ցանկանում է հանդիպել հինգշաբթի (մայիսի 15-ին) Թուրքիայում՝ քննարկելու արյունալի պատերազմի հնարավոր ավարտը։ Ուկրաինան պետք է անմիջապես համաձայնի դրան»,–հայտարարել էր նա։

Նրա խոսքով՝ դա կօգնի կողմերին պարզելու՝ արդյոք հնարավոր է համաձայնության հասնել.

«Իսկ եթե ոչ, ապա եվրոպացի առաջնորդներն ու ԱՄՆ-ը կիմանան՝ ինչպիսին է իրավիճակը, և կկարողանան համապատասխան քայլեր ձեռնարկել»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է այցելել Թուրքիա:

Ռուբիոն մայիսի 11-14-n ուղեկցելու է նախագահ Դոնալդ Թրամփին՝ այցելելով Սաուդյան Արաբիա և Կատար՝ նպատակ ունենալով խորացնել տարածաշրջանային համագործակցությունը և քննարկել համաշխարհային անվտանգության հարցերը։ Այնուհետև նա կմեկնի Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին մայիսի 14-16-ը, որտեղ ուշադրության կենտրոնում կլինի Ուկրաինայի պատերազմը և դաշնակիցների պաշտպանության պարտավորությունների ուժեղացումը, գրում է THe Kyiv Independent-ը։

Այցը համընկնում է Մոսկվայի հայտարարության հետ, ըստ որի, Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ից վերագործարկել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները Ստամբուլում։ Սակայն Մոսկվան դեռ չի ընդունել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և հիմնական եվրոպական դաշնակիցների պահանջած անբեկանելի 30-օրյա հրադադարի պայմանը։

«Քարտուղար Ռուբիոյի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ կնպաստեն գլոբալ ու տարածաշրջանային խնդիրների լուծմանը, երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնմանը և մեր ռազմավարական գործընկերությունների վերահաստատմանը», նշված է Սպիտակ տան հայտարարությունում։

ՆԱՏՕ-ի Անթալիայի գագաթնաժողովում Ռուբիոն կխոսի նաև Թրամփի օրակարգից՝ շեշտելով, որ «դաշնակիցները պետք է իրենց արդար բաժինը ներդնեն» և աջակցեն Ուկրաինայի պատերազմի ավարտին միակարծիք մոտեցման ձևավորմանը։

Ռուսաստանը մայիսի 11-ին հրապարակել է իր առաջարկը բանակցությունների վերսկսման մասին։ Կրեմլի խորհրդական Յուրի Ուշակովն ասել է, որ Մոսկվան ցանկանում է բանակցությունները շարունակել 2022 թվականի Ստամբուլի քննարկումների հիման վրա՝ հաշվի առնելով ներկա ռազմաճակատային իրավիճակը։ Մոսկվան պնդում է բանակցությունների վերսկսումը մինչև որևէ հրադադարի համաձայնություն։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է՝ Պուտինը «հստակ ասել է․ նախ պետք է բանակցել պատճառների շուրջ, հետո՝ հրադադարի»։

Մոսկվայի պահանջները ներառում են ուկրաինական զորքերի դուրսբերումը չորս մասամբ գրավված տարածքներից, դրանց միացման պաշտոնական ճանաչումը, Ղրիմի՝ որպես Ռուսաստանի մաս ճանաչումը, ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարումը և ռուսերեն լեզվի ու եկեղեցու իրավասությունների վերականգնումը։

ԱՄՆ հատուկ դեսպան Քիթ Քելլոգը X-ում արձագանքել է. «Ինչպես նախագահ Թրամփը բազմիցս ասել է՝ դադարեցրեք սպանությունները։ Նախ՝ անբեկանելի 30-օրյա հրադադար և դրան ընթացքում՝ համապարփակ խաղաղ բանակցություննե, ոչ թե հակառակը»։

Photo. Getty Images