12 մայիսի 2025 - 11:44 AMT
ԱԳՆ․ ՀՀ–ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը

ՀՀ ԱԳՆ–ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա հույս է հայտնել, որ հրադադարը կպահպանվի։

«Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։ Այս առումով ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես, ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից հայտարարված»,-ասվում է գրառման մեջ։

Վաշինգտոնի միջնորդությամբ Հնդկաստանն ու Պակիստանը անհապաղ և ամբողջական հրադադարի համաձայնության են եկել։ Մայիսի 11–ի դրությամբ հրադադարը պահպանվում է։

Հնդկաստանը մայիսի 7–ի վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող մի քանի վայրերում, ինչի հետևանքով, ըստ Պակիստանի ռազմական պաշտոնյաների, զոհվել է առնվազն 26 մարդ, ևս 46-ը վիրավորվել։ Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարվածներն ուղղված են եղել զինյալների կողմից օգտագործվող ենթակառուցվածքների դեմ, որոնք պատասխանատու են անցյալ ամսվա ընթացքում Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զբոսաշրջիկների վրա կատարված մահացու հարձակման համար: