13 մայիսի 2025 - 10:55 AMT
ՀՀ-ն հայտ է ներկայացրել Տաթևի վանքն ու Որոտանի կիրճը ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկելու համար

Հայաստանը Տաթևի վանքն ու Որոտանի կիրճը ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Այդ մասին հայտարարվել է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների համալիր կառավարմանը նվիրված գիտագործնական համաժողովի ընթացքում։

Ինչպես ներկայացրել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, ICOMOS-ի անդամ և «ՌԵ-դպրոց» կրթական կենտրոնը ղեկավարող Նարինե Տյուտչևան, այս նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն պատմամշակութային արժեքների պահպանմանը, այլև ազգային ինքնության ամրապնդմանը, գրում է Sputnik Արմենիան։

«Սա համալիր ժեստ է, որն ուղղված է Հայաստանի պատմական ժառանգորդության իրավունքի հաստատմանը և մշակութային լանդշաֆտը որպես կայունության հիմք ընդունելուն», - ասել է նա համաժողովի ժամանակ։

Ծրագիրն իրականացվել է «ՌԵ-դպրոց» միջառարկայական գիտակրթական նախագծի շրջանակում՝ համագործակցությամբ «301. Իմաստության երկիր» և «Ամարյան» հիմնադրամների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային և պատմական ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ։

Համաձայն անվանակարգային դոսյեի նախնական տվյալների՝ ընդգրկվող տարածքը կազմում է 7490 հա, իսկ բուֆերային գոտին գերազանցում է 20,000 հա-ը։ Տարածքն առանձնանում է բազմաշերտությամբ, որտեղ միաձուլվում են ճարտարապետական հուշարձանները, հնագիտական տարրերը, բնական միջավայրը և մշակութային հիշողությունը։

Դոսյեն ներառում է Տաթևի վանքը՝ միջնադարյան հայկական ճարտարապետության 9-րդ դարի նմուշ, վանական շինությունները, մատուռները, հնագույն եկեղեցիներն ու գերեզմանատները, ինչպես նաև Որոտանի կիրճը՝ բնաշխարհիկ բազմազանությամբ ու մարդու ներկայության հետքերով՝ սկսած նեոլիթից մինչև 19-րդ դարը։

Հայտարարվել է, որ հայտում ներառվելու են նաև հնագիտական տարածքներ, հին ճանապարհներ, կամուրջներ, ջրամատակարարման ենթակառուցվածքներ ու քարավանատներ։

Տյուտչևան հիշեցրել է, որ Տաթևն ու Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում գրանցված են դեռևս 1995 թվականից։ Սակայն այժմ գիտական, ճարտարապետական, պետական ու հասարակական ոլորտների համատեղ ջանքերը հնարավորություն են տալիս գործընթացին նոր ուղղություն տալ։

Հայտի հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծելու միջազգային համագործակցության, Սյունիքի մարզում կայուն զբոսաշրջության զարգացման և սոցիալ-տնտեսական վերելքի համար։

«Հայաստանն աշխարհին կարող է առաջարկել ոչ միայն հին հուշարձաններ կամ գեղատեսիլ լանդշաֆտներ, այլև մշակույթի, բնության և համայնքների փոխգործակցության մոդել։ Գլոբալ անկայունության պայմաններում սա հատկապես արդիական է հիշողության, կայունության և ժառանգության նկատմամբ հարգանքի արժեքավոր լինելու տեսանկյունից», - նշել է նա։

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոռեկտոր Վարդգես Եդոյանն իր խոսքում ընդգծել է, որ համաժողովը չի սահմանափակվել միայն գիտական ոլորտով։ Այն նաև ուսանողներին ընձեռել է մասնակցելու իրական գործընթացներին ու բացահայտելու, թե ինչպես են պատմամշակութային արժեքները դառնում ժամանակակից ճարտարապետական, վերականգնողական և քաղաքաշինական փորձի բաղադրիչ։ Քննարկվել են տարածքի պահպանության, արդի պահանջներին այն համապատասխանեցնելու և կառավարման գործընթացում տեղական համայնքների ներգրավման կարևորությունը։

Բերվել են հաջողված միջազգային փորձի օրինակներ, մատնանշվել են հիմնական մարտահրավերները, այդ թվում՝ կայուն զբոսաշրջության կազմակերպման և հաստատությունների համագործակցության անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժառանգության պահպանման ու հանրայնացման գործում երիտասարդ սերնդի ներգրավման նշանակությանը։