13 մայիսի 2025 - 15:09 AMT
ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող մոտ $2․7 մլն արժողությամբ տարածքը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է՝ ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող մոտ $2․7 մլն արժողությամբ տարածքը։

«Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն 444 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի (այլ)» նպատակային նշանակության 17 հազար 730 քմ մակերեսով հողամասը», հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Կ.Ի.-ի միջև 2005 թվականի ապրիլի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: