Հայաստանում ալկոհոլի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար ՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։ Արդյունքում մարդիկ ստիպված են մի քանի շաբաթ կանգնել հայ-վրացական սահմանի անցակետի մոտ։
«Մեկ ամիս է` ես չունեմ մեքենա, որ վրացական կողմով անցել է դեպի Ռուսաստան։ Բոլոր մեքենաները պահվել են տնտեսական գրանցման գոտում։ Մենք չունենք մեզ հուզող հարցերի պատասխանները, դրա համար էլ այսօր հավաքվել ենք այստեղ։ Այսպես չի կարող շարունակվել, մեր կառավարությունն էլ պետք է իր լծակներով ազդի ստեղծված իրավիճակի վրա»,–ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նման մոտեցումը, ակցիայի մասնակիցների դիտարկմամբ, զգալի վնասներ է հասցրել ոչ միայն արտադրողներին, այլև արտահանող և փոխադրող կազմակերպություններին։ Դեսպանատան առջև հավաքված մարդիկ եկել են պարզաբանումներ ստանալու ակնկալիքով և խնդրի կարգավորման պահանջով։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ տեղյակ են տնտեսվարողների բարձրաձայնած հարցից։
«Այն գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ավելին՝ ամենօրյա ինտենսիվ աշխատանքներ են տարվում հարցի համակարգային լուծման ուղղությամբ»,–ասել են նախարարությունից։
Ցուցարարներին մի պահ մոտեցել է դեսպանատան աշխատակիցներից մեկը՝ խնդրելով տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնք խնդիրների են բախվել արտահանման ժամանակ։ Աշխատակիցը գրի է առել մի շարք կազմակերպությունների անուններ և հեռացել։
Չնայած դրան՝ ցուցարարները որոշ ժամանակով փակել են դեպի դեսպանատուն տանող ճանապարհը՝ ձեռքերով բռնած հայկական ու վրացական դրոշներ, ինչպես նաև պաստառ՝ «Ձեռքերդ հեռու հայ արտադրողից» գրությամբ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 2–ը հանդիպել են ՀՀ–ում Վրաստանի դեսպանի հետ։
Գեորգի Շարվաշիձեն ասել է, որ ցուցարարներին հուզող հարցով դիմել են Վրաստանին, այնտեղից խոստացել են, որ մոտ ժամանակներս պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։
Նախկինում նմանատիպ խնդիր էր ծագել ծաղիկ արտահանողների դեպքում, որն Էկոնոմիկայի նախարարության ակտիվ ներգրավվածությամբ հաջողվել է լուծել։ Բացի այդ, տեղեկացվել է, որ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունները վարկային տարկետում են ստանալու՝ ռուսական շուկայում առաջացած բարդությունների պատճառով։