14 մայիսի 2025 - 10:54 AMT
Բաքվի դատարանն անպատասխան է թողել Վարդանյանի բողոքը դատավորների դեմ

Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատական ֆարսը։ Վարդանյանը բողոք է հայտնել դատական կազմի դեմ։ Նրան աջակցել է նրա պաշտպան Ավրահամ Բերմանը։

Դատարանն անպատասխան է թողել բողոքը, հայտնում է Minval.az-ը։

Պետական մեղադրողն ասել է, թե «մեղադրյալի իրավունքները պահպանվել են, իսկ պաշտպանությունը չի ներկայացրել դատավորների կողմնակալության կամ շահագրգռվածության ապացույցներ»։

Դատարանը հեռացել է որոշում կայացնելու համար և հայտարարել է՝ «բողոքը թողնվել է առանց քննության»։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով իր ավելի վաղ հղած աուդիոուղերձում շեշտել էր, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ Նա 23 օր հացադուլի մեջ էր՝ որպես բողոքի նշան ընթացող դատական ֆարսի դեմ։

«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։