14 մայիսի 2025 - 12:15 AMT
Չախոյան․ Քաղաքապետարանը մանկապարտեզի անորակ աշխատանքների դիմաց ավելի քան 222 մլն դրամ է վճարել

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մանկապարտեզի վերանորոգման դիմաց վճարված գումարի վերաբերյալ նախկինում արված հերքումները եղել են կեղծ։

«Հիշում եք չէ՞ կոռուպցիան ծածկադմփոց անելու նպատակով պնդում էին, թե մանկապարտեզի վերանորոգման դիմաց գումար չի վճարվել։

Իսկ իրականությունն այն է, որ այդ անորակ աշխատանքների դիմաց Երևանի քաղաքապետարանը վճարել է 222,164,999 դրամ։

Այո, ճիշտ կարդացիք՝ երկու հարյուր քսաներկու միլիոն դրամ

Թող ժողովուրդը հետևություն անի ու տեսնի՝ ովքեր են իշխանության ղեկին։ Նրանք, ովքեր ժողովրդի աչքերին նայելով՝ սուտ են խոսում միայն մի բանի համար՝ թալանի աթոռը պահելու համար։

Եվ ամենավտանգավորը՝ այդ սուտը պետական մակարդակով է տարածվում»,–ասվում է գրառման մեջ։

Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն օրեր առաջ համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել և հայհոյել։ Հաջորդ օրը թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Եվ քանի որ Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատավայրում չի եղել, ակցիայի կազմակերպիչները յոգուրտ են լցրել թաղապետի լուսանկարների վրա, որոնք իրենց հետ էին տարել: Չախոյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք է ներկայացվել հենց այս գործողության համար։

Ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում նախատեսված է եղել հանրային քննարկում, և Արթուր Չախոյանը կրկին այցելել է թաղապետարան՝ պահանջելու բացատրություն իր հանդեպ հնչեցված հայհոյանքների համար։ Ընդունարանում նրան ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակիցները, որին միացել է նաև վարչական շրջանի ղեկավարը։