14 մայիսի 2025 - 13:37 AMT
Արշակյանը՝ հունգարացի պատգամավորներին․ Բուդապեշտում կբացվի ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանությունը

Մայիսի 13-ին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ պատգամավորների հետ հանդիպմանը կարևորել է հայ-հունգարական կապերի զարգացումը՝ նշելով, որ այն կազմում է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը։

Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է բացել Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը Բուդապեշտում և հույս է հայտնել, որ Հունգարիան ևս համապատասխան ներկայացուցչություն կհիմնի Երևանում։

Հանդիպման ընթացքում շեշտադրվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական ընթացքը՝ խորհրդարանական դիվանագիտության միջոցով փոխշահավետ համագործակցությունը ընդլայնելու տեսանկյունից։ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը՝ տեսնելով դրանք որպես համագործակցության հզոր գործիք։

Արշակյանը նշել է, որ Հայաստանի ազգային ժողովում ներկայացված են երկրի չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչն ապահովում է նրանց համայնքային խնդիրների բարձրաձայնումն ու համապատասխան լուծումներ ստանալը։

«Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խորը ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական և էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- հավաստել է Հակոբ Արշակյանը։

Նա հյուրերին ներկայացրել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ մանրամասնելով կառավարության կողմից առաջ մղվող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, ինչպես նաև ընդգծվել է Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանն ու սերբ ինքնավարության խոսնակ Լյուբոմիր Ալեքսովը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը և բարձրաձայնել են ազգային փոքրամասնությունների հուզող հիմնախնդիրները։

ՀՀ–ն ե Հունգարիան վերջերս են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2012–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որն այնտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել։ 44–օրյա պատերազմից հետո Հունգարիան նպաստեց 5 հայ գերու վերադարձին ՀՀ, որից հետո 2022–ի դեկտեմբերին հայտարարվեց հարաբերությունները վերականգնելու մասին։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում է եղել նաե ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ըստ որոշ հրապարակումների, այժմ Հունգարիան արգելափակել է ՀՀ–ին եվրոպայի հիմնադրամի կողմից աջակցության տրամադրումը՝ պնդելով, որ Ադրբեջանին էլ գումար հատկացվի։