Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է, որ Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2025 թվականին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցումը նախատեսված է ավարտել 2025 թվականին»,–ասվում է նախարարության պատասխանում։
2024 թվականի սեպտեմբերին արդեն հաղորդվել էր, որ սկսվել է Տաթևի ՀԷԿ-ի օրական կարգավորող ջրավազանի վերանորոգման գործընթացը։ Այդ ջրավազանից դուրս հոսող ջուրը ժամանակին խոչընդոտել էր սահմանամերձ Որոտան գյուղ տանող ճանապարհի շինարարությանը։
Դեռ 2023-ին արձանագրվել էր, որ նոր կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի որոշ հատվածներ կրկին պետք է ասֆալտապատվեն, քանի որ դրանք վնասվել էին սելավների հետևանքով։ Անձրևների ինտենսիվության պատճառով լանջային հողազանգվածները գերխոնավացել էին, ինչի հետևանքով առաջացել էին փլուզումներ։
2024 թվականի հունիսի վերջին պարզ էր դարձել, որ ևս մեկ հատված է վնասվել հորդառատ տեղումների պատճառով։
Սկզբնապես շինարարության ավարտը նախատեսվում էր 2023 թվականին։ Սակայն շինարարական աշխատանքների երկարաձգումը պայմանավորված է եղանակային բարդություններով և հողի կայունության խնդիրներով։
Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ Գորիս-Կապան մայրուղու մի հատված, որն անցնում էր Որոտան գյուղով, փոխանցվել է Ադրբեջանին։