Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԺ–ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների հռետորաբանությանը, դա խայտառակություն և ամոթ է անվանել։
Նա նշել է, որ, «ցավոք, հենց նրանք են ՀՀ քաղաքացիներիս ներկայացնում թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս»:
«Իբր հայ-թուրքական հարաբերություններ կարգավորող իշխանության ներկայացուցիչ և Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը իր ընդդիմախոս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն վիրավորելու նպատակով հայտարարում է, որ ժողովուրդը ասում է, թե Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է։ Իսկ դրանից հետո ամբիոնին է մոտենում մեկ ուրիշ կարկառուն ՔՊ-ական՝ Արսեն Թորոսյանը, և զայրանքով նշում.
«Ով մեզ ասի թուրք՝ նրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։
Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները՝ Թուրքիայի դրոշը այրելը դատապարտող մեր իշխանությունները։
Դուք խայտառակություն և ամոթ եք։
Սակայն, ցավոք, հենց դուք եք մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ներկայացնում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս…»,–ասվում է գրառման մեջ։
Մայիսի 14–ին Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել։ Իրավիճակը լարվել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ, որն ամբիոնին է մոտեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։Իրավիճակը ԱԺ–ում լարվել է։ Լևոն Քոչարյանը հեռացել է նիստերի դահլիճից։