Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրեր առաջ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներին, ասել է, որ նրան գտնելու համար ուսումնասիրվում են նաև տեղանքի տիեզերական լուսանկարները:
Նա նշել է, որ տվյալ տեղանքի վերջին լուսանկարներն ապրիլի 26-ով են թվագրվում, ինչը բնականաբար, ավելի վաղ ժամկետ է, քան եղել է դեպքը։
«Մինչև մեզ դիմելը, ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ՝ նախ և առաջ հասկանալու, արդյոք հնարավոր է առկա և մեզ հասանելի որևէ տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես, տիեզերական լուսանկարներով, որոշակիություն ունենալ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նախարարը նշել է, որ մասնագետների շրջանում տարբեր կարծիքներ են ձևավորվել. ոմանք կարծիք են հայտնել, թե 30 սանտիմետր լուծաչափ ունեցող արբանյակային լուսանկարներով հնարավոր կլիներ հայտնաբերել փոքրիկին, իսկ մյուսներն ընդգծել են նման տեխնիկական իրականացումը որպես անհնարին։
«Սակայն մենք համարեցինք, որ, այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան, առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ տեխնիկապես հնարավոր կլինի իդենտիֆիկացնել, թե՝ ոչ: Մենք առնվազն պարտավոր ենք հասկանալ, կա՞ն այդպիսի լուսանկարներ և եթե կան, փոխանցենք գործընկերներին։
Եվ վերջին յոթ-ութ օրերի ընթացքում մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն չունեցող միջազգային առաջատար երկու տասնյակ ընկերությունների հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն պետք է տխրությամբ ասեմ, որ մինչ այս պահը պարզել ենք՝ տվյալ տեղանքի վերջին լուսանկարներն ապրիլի 26-ով են թվագրվում, ինչը բնականաբար, ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։
Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե թե այլ ընկերությունների մոտ տվյալ օրերի լուսանկարներ: Վստահեցնում եմ՝ ավելագույնն է արվում»,- ասել է Հայրապետյանը։
Նա հավելել է, որ մասնագետների խոսքով մանկահասակների դեպքում հատկապես դժվար է նրանց հայտնաբերումը տիեզերական պատկերների միջոցով։
Երկու տարեկան Տիգրանը անհետացել է մայիսի 4-ին, և որոնողական աշխատանքները շարունակվում են։