16 մայիսի 2025 - 18:54 AMT
ԿԳՄՍ նախարար․ Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է.

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպին, ասել է, որ տեղի ունեցածը սարսափելի է։

«Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է, այլ բառեր չունեմ»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ այժմ քննություն է գնում։

«Հույս ունենք՝ քննության ավարտից հետո մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները կոնկրետ դրվագի հետ կապված»,- ասել է Անդրեասյանը։

Նա ընդգծել է, որ նմանատիպ իրավիճակները անընդունելի են և միայն իրավապահ մարմինների ներգրավվածությունը բավարար չէ. անհրաժեշտ է խորությամբ հասկանալ, թե դպրոցն ինչ կանխարգելիչ քայլեր պետք է իրականացրած լիներ, ինչ օղակներ են գործել ըստ կանոնի և որոնք՝ ոչ։

«Նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, պարզապես, երբ տեղի են ունենում, որոշակի նշաններ երևում են, անհագստացնող ազդակներ են լինում։ Այն, ինչ տեղի է ունեցել, չպետք է կրկնվի, ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Անդրեասյանը հավելել է, որ նախարարությունը պարբերաբար ստանում է ահազանգեր, երբ դպրոցների շրջակայքում նկատվում են կասկածելի երևույթներ, և իրենք անմիջապես կապ են հաստատում իրավապահ կառույցների հետ։

Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցիբարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ),4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: