Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալան Տիրանայում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտադրվել է Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականությունը պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Զրուցակիցներն ուշադրություն են դարձրել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը և դրա հետագա խորացման հեռանկարներին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և ՀՀ կառավարության քայլերը, որոնք ուղղված են խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Դրանց թվում նա անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակներին և հիմնարար սկզբունքներին։
Կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով Ալբանիայում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ հերթական գագաթնաժողովին։