17 մայիսի 2025 - 10:33 AMT
Թանգարաններն անվճար բաց կլինեն բոլոր այցելուների համար մինչև 24։00–ն

Մայիսի 17–ին Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում ժամը 11:00-24:00-ն, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին:

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի թանգարաններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, միավորվում են ընդհանուր թեմայի շուրջ՝ կազմակերպելով ցուցադրություններ, միջոցառումներ և կրթական ծրագրեր, որոնք կարևորում են թանգարանների դերը հասարակության կայուն և ներդաշնակ զարգացման գործում։

Ծրագրին մասնակցող ՀՀ ավելի քան 100 թանգարան իր դռները կբացի այցելուների առաջ՝ բազմաբովանդակ նախաձեռնություններով հանդես գալով որպես մշակութային երկխոսության կարևոր հարթակներ։ Այս միջոցով թանգարանները վերահաստատել են իրենց առանցքային դերը ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և մշակութային ժառանգության պահպանության գործընթացում։

Այս տարվա միջոցառումների գլխավոր ուղերձը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը՝ ընդգծելով, թե ինչպես թանգարաններն իրենց գործունեությամբ կարող են աջակցել սոցիալ-տեխնոլոգիական ու կլիմայական փոփոխությունների պայմաններում ձևավորվող նոր աշխարհի կառուցմանը։