17 մայիսի 2025 - 12:55 AMT
Փոստանջյան․ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից

Լրագրող Լիլիթ Աղեկյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից, իրեն՝ որպես պաշտպան տեսակցելու, ինչպես նաև իր պաշտպանական և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«16.05.2025 թվականին, պարզվել է, որ առնվազն կեսօրից երկու տարբեր քննիչներ, տարբեր գործերով, այցելել են Լիլիթ Աղեկյանին։ Քննիչներից մեկը կանչել է հանրային պաշտպանի։ Ինչպես նախորդ դեպքում, այս երկու դեպքերում ևս ինձ չեն ներգրավվել որպես Լիլիթ Աղեկյանի կողմից պահանջված պաշտպանի։

Ես ամբողջ ընթացքում եղել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում։

Այս ամենից բացի, քննիչներն ամբողջ օրը զբաղեցրել են Լիլիթ Աղեկյանին. ըստ էության, որևէ քննչական գործողություն չեն իրականացրել, սակայն դիտմամբ, այդ շինծու գործողություններն այնքան են ձգձգել մինչև ավարտվի տեսակցության ժամը, ինչի պատճառով Լիլիթ Աղեկյանի 80 տարեկան մայրն, ով եկել էր Գյումրիից` մոտ 6 (վեց) ժամ սպասելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում, այդպես էլ հնարավորություն չի ունեցել տեսնելու իր դստերը։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից, ինձ որպես պաշտպան տեսակցելու, ինչպես նաև իր պաշտպանական և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից։

Վերոնշյալի հետ իր գործուն մասնակցությունն ունի նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ` Հեղինե Մարտիրոսյանը»,–ասվում է գրառման մեջ։

Գյումրու ավագանու 4 խմբակցություն հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն լրագրող Լիլիթ Աղեկյանի։

Հայտարարությունը ստորագրել են «Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Աղեկյանն ակտիվորեն լուսաբանել է Շիրակի մարզի իշխանությունների հետ կապված մի շարք կոռուպցիոն գործեր, օգնել է բացահայտել այլ հանցագործություններ։