17 մայիսի 2025 - 13:46 AMT
Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետմահու քրեական հետապնդում է իրականացվում

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետմահու քրեական հետապնդում է իրականացվում։ Մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ Գևորգ Սուքիասյանը, Լևոն Սահակյանը։ Քրեական գործը վերաբերում է հողատարածքի սեփականաշնորհմանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ քրեական գործի՝ Կարեն Գրիգորյանը, որը 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը, Էջմիածնի ավագանու 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 1 նիստի թիվ 4 և 5 որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1/46 և Նալբանդյան 1/48 հասցեներում գտնվող վերը նշված հողատարածքները կառուցապատման իրավունքով մրցութային եղանակով տրամադրել է օգտագործման, որից հետո 2010 թվականի հունվարի 18-ին կայացրել է թիվ 1/1 և 2 որոշումները՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված Նալբանդյան փողոցի թիվ 1/46 հասցեում գտնվող 1175 մ2 մակերեսով և Նալբանդյան փողոցի 1/48 հասցեում գտնվող 587 քմ մակերեսով հողամասերը 99 տարի ժամկետով, մրցույթային եղանակով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, իսկ հաջորդ օրը՝ 2010 թվականի հունվարի 19-ին, Կարեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած մրցույթային հանձնաժողովի նիստով սահմանվել է հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթի պայմանները, համաձայն որի՝ կառուցապատման սկիզբ-ավարտ սահմանվել է՝ 01.07.2010 թվականից մինչև 01.07.2011 թվականը։

2010 թվականի փետրվարի 22-ին անցկացված ձևական մրցույթի հիման վրա կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնցով այդ հողամասերի հաղթող է ճանաչվել հիշյալ ընկերությունը։ Մարտի 5-ին կնքված պայմանագրերով այդ հողերը փաստացի հանձնվել են ՍՊԸ-ին՝ որտեղ հողերի նպատակային նշանակությունը գրանցվել է որպես բնակավայրի, օգտագործման նպատակը՝ զբոսայգի։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել որդուն՝ Կարեն Գրիգորյանին աջակցելու մեջ։ Մասնավորապես՝ վերջինիս օգնելու նպատակով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը օրինական գործունեության տեսքով ներկայացնելով՝ նրա կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հանցագործության հետքերը թաքցնելու համար։

Ամբաստանյալի կարգավիճակում են նաև «Էջմիածնի Շուկա» ընկերության տնօրեն Գևորգ Սուքիասյանը և Լևոն Սահակյանը։

Գործը քննում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը։