17 մայիսի 2025 - 14:54 AMT
Աբրահամյան․ Գնում են զորակոչի համակարգը փլելու և խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով բանակի համալրման խնդիրներին, գրել է, որ իշխանությունները գնում են զորակոչի համակարգը փլելու և խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով։

«Զինված ուժերի համալրման և մեր ունեցած ներուժի արդյունավետ իրացման տեսանկյունից, ոչ թե բանակից ազատվելը կամ կրճատելը պետք է գումարով դարձնել, այլ հնարավոր է օգտվել նույնիսկ եղած օրենսդրական հնարավորությունից` 1-2 փոփոխություններով:

Ատեստացիայի համակարգի խնդիրների և լուծումների մասին շատ եմ խոսել/գրել, նույնիսկ ժամանակին գրությամբ, բազմաթիվ լուծումներով ԳՇ ներկայացրել, սակայն դրանք անհիմն ձևով մերժվել են:

Նույնիսկ իրենց ընդունած ատեստացիայի մասին օրենքով, կարելի է մեկ փոփոխությամբ, զինված ուժերում համալրման էական խնդիր լուծել, բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ներկայացնելով շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների իր նախագիծը, հայտարարել է, որ կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն կունենան նաև 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։

Նա նշել է, որ նախագծով, 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան վճարել 20 մլն դրամ և ծառայել միայն 1 ամի: