17 մայիսի 2025 - 15:22 AMT
Հայաստանում գերճնշման հետևանքով մահացությունը զգալիորեն նվազել է

Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2023 թվականին զարկերակային գերճնշումային հիվանդության առաջնակի հիվանդացության մակարդակը կազմել է 1042.1 դեպք 100,000 բնակչի հաշվով։ Այն գրեթե չի փոփոխվել 2015 թվականի համեմատությամբ (1039.0/ 100 000):

Միևնույն ժամանակահատվածում, սակայն, զարկերակային գերճնշմամբ պայմանավորված մահացության ցուցանիշը գրեթե երկու անգամ նվազել է՝ 23.3-ից հասնելով 12.2/ 100 000, հայտնում է ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը։

Մահացության մակարդակի դիտարկվող դրական դինամիկան կարող է բացատրվել այն փաստով, որ 2015 թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում է զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերմանն ուղղված զանգվածային սքրինինգային ծրագիր։ Ծրագրի շրջանակներում քաղաքացիներն ունեն հնարավորություն այցելել իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություն և անցնել համապատասխան հետազոտություններ: Այս մոտեցումը նպաստել է հիվանդության վաղ հայտնաբերմանը, առավել արդյունավետ հսկողությանը և արդյունքում՝ մահացության զգալի կրճատմանը։

2005 թվականից ի վեր մայիսի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես զարկերակային գերճնշման դեմ պայքարի համաշխարհային օր։ 2025 թվականին միջոցառումը ընթանում է «Ճշգրիտ չափեք ձեր զարկերակային ճնշումը, վերահսկեք այն և ապրեք երկար» կարգախոսի ներքո՝ շեշտադրելով ճնշման ճիշտ չափման նշանակությունը։

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) հաճախ արտահայտվել է առանց ակնհայտ ախտանշանների։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ մարդկանց մոտ 46%-ը տեղյակ չեն այս վիճակի առկայության մասին։ Այդ իսկ պատճառով կարևորվել է զարկերակային ճնշման պարբերական չափման անհրաժեշտությունը՝ վաղ հայտնաբերման ու վերահսկման նպատակով։

ԶԳ-ը հանդիսանում է պաթոլոգիական համակցություն, որն արտահայտվել է սիստոլիկ և դիաստոլիկ ճնշման կայուն բարձրացումով (>140/90 մմ.ս.ս.)։ Այս վիճակի զարգացման ընթացքում անոթների համակարգում արձանագրվել են լուրջ կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնց թվում առավել տարածված են եղել միջին ու փոքր զարկերակների նեղացումը և անոթային դիմադրության աճը։

Վերջին տարիներին ԶԳ-ը գլոբալ մակարդակով զգալի բեռ է դարձել, ինչը պայմանավորված է բնակչության ծերացմամբ, քաղաքաբնակների թվի աճով և կենսակերպի փոփոխություններով։ 1975-ից մինչև 2023 թվականը 30–79 տարեկանների շրջանում ԶԳ ունեցող մարդկանց թիվը 594 միլիոնից հասել է 1.28 միլիարդի։ Նրանց շուրջ երկու երրորդը բնակվում է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Ըստ կանխատեսումների՝ մինչև 2025 թվականը այդ թիվը կարող է հասնել 1.5 միլիարդի։

Աշխարհում ամեն տարի ավելի քան 9.4 միլիոն մարդ է մահացել գերճնշման հետևանքով։ Ըստ վիճակագրության՝ ՍԱՀ-ով մահացության դեպքերի 20–50%-ը, իսկ ընդհանուր մահերի 13%-ը կապված է եղել գերճնշման հետ։

Այս խնդիրների խորացման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է նպատակ՝ մինչև 2030 թվականը նվազեցնել ԶԳ-ի տարածվածությունը 33%-ով։

ԶԳ-ը հանդիսանում է բազմաթիվ լուրջ հիվանդությունների՝ ներառյալ սրտամկանի ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության, փականային խանգարումների, առիթմիաների, քրոնիկական սրտային անբավարարության, ուղեղային կաթվածի, դեմենցիայի, երիկամային քրոնիկ հիվանդությունների, ծայրամասային զարկերակների հիվանդությունների և անևրիզմաների հիմնական ռիսկային գործոններից մեկը։ Այն միայն ծխախոտի օգտագործումից հետո է դասվում որպես սրտամկանի ինֆարկտի երկրորդ ամենակարևոր կառավարելի պատճառ։

ԶԳ-ի առաջացումը պայմանավորված է ժառանգական, վարքագծային ու շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ։ Այդ գործոններից շատերը հնարավոր է վերահսկել։

Կառավարելի ռիսկի գործոններն են՝

  • Սննդակարգի խանգարումներ՝ աղի ավելցուկային օգտագործում, կալիումի պակաս և տրանսճարպերով հարուստ սննդի գործածում։
  • Ավելորդ քաշ և ճարպակալում՝ մարմնի զանգվածի ինդեքսի ու գոտկատեղի շրջագծի բարձր ցուցանիշները։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող անձանց մոտ ԶԳ-ի ռիսկը կրկնապատկվել է, իսկ ճարպակալման դեպքում՝ եռապատկվել։
  • Ֆիզիկական անգործունություն՝ նստակյաց կենսակերպը նպաստել է ԶԳ-ի ռիսկի բարձրացմանը, մինչդեռ կանոնավոր շարժողական ակտիվությունը, հատկապես ճարպակալման դեպքում, կարող է նվազեցնել ճնշումը։
  • Ալկոհոլի չարաշահում՝ հաստատվել է դոզայից կախված ուղիղ կապ։
  • Ծխախոտի օգտագործում՝ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը վնասում է անոթները՝ մեծացնելով ԶԳ-ի և սիրտանոթային խնդիրների ռիսկը։
  • Մթնոլորտային աղտոտում՝ մասնավորապես՝ օդում առկա PM2.5 մասնիկների երկարաժամկետ ազդեցությունը։
  • Քրոնիկական սթրես ու հոգեկան լարվածություն՝ կարող են խաթարել անոթային հավասարակշռությունը՝ բարձրացնելով ճնշումը։

Անվերահսկելի ռիսկի գործոններն են՝

  • Տարիք՝ 65 և ավելի տարեկան անձանց շրջանում ԶԳ-ի տարածվածությունը հասել է մինչև 40%։
  • Ժառանգական նախատրամադրվածություն՝ ընտանեկան պատմությունը կարող է բարձրացնել ռիսկը, հատկապես՝ արտաքին գործոնների էպիգենետիկ ազդեցության պայմաններում։
  • Ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, երիկամների քրոնիկական հիվանդություններ, քնի ապնոեի համախտանիշ։

ԶԳ-ի արդյունավետ կանխարգելումը պետք է հիմնվի կառավարելի ռիսկի գործոնների համակարգված վերահսկման վրա։ Խիստ կարևոր է ճնշման պարբերական չափումը և վաղ ախտորոշումը՝ ինչպես պետական սքրինինգային ծրագրերի, այնպես էլ անձնական վերահսկողության միջոցով։

Բուժման նպատակն է ոչ միայն ճնշման մակարդակի վերահսկումը, այլև բարդությունների կանխումը։ Այդ արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է պացիենտի ակտիվ մասնակցությունը՝ առողջ կենսակերպի պահպանում, դեղորայքի կանոնավոր օգտագործում և արդյունավետ շփում բժշկի հետ։